211652_close_icon
views-count1296 դիտում article-date 19:02 20-01-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2014 թվականի հունվարի 16-18-ը մասնակցել է Գերմանիայի Դաշնության մայրաքաղաք Բեռլինում անցկացված Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային ֆորումին, որին մասնակցել են աշխարհի 72 երկրների գյուղատնտեսության նախարարներ: Ֆորումի մասնակիցներն անդրադարձել են զարգացող երկրների մանր գյուղացիական տնտեսություններին ներդրումներով ապահովելու գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերին, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում ներդրումների նոր հնարավորությունների և մոտեցումների անհրաժեշտության հարցերին։ Ընդունվել է համատեղ կոմյունիկե, որով կոչ է արվում միջոցներ ձեռնարկել ապահովելու մարդկանց անվտանգ սնվելու իրավունքը և զարգացնել համագործակցությունը գյուղատնտեսության բնագավառում ազգային և միջազգային մակարդակներում: 2014 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է Ընտանեկան ֆերմերային տնտեսությունների տարի: ՀՀ գյուղատնտեսության նախարարը ֆորումի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Բեռլինում գտնվող մասնակից երկրների՝ Նիդեռլանդների, Ավստրիայի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի, Մոլդովայի, Կանադայի, Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջպետական հարաբերությունների և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Սերգո Կարապետյանը հանդիպել է նաև գյուղատնտեսական տեխնիկայի և գործիքների արտադրությամբ մասնագիտացած ”ԿԼԱԱՍ” գերմանական ընկերության ներկայացուցիչների հետ: Նա մասնակցել է Բեռլինյան կանաչ շաբաթ գյուղատնտեսական միջազգային ամենամյա ցուցահանդեսի բացման արարողությանը: Ինչպես արդեն հաղորդվել է, ցուցահանդեսին մեր երկիրը մասնակցել է առանձին տաղավարով, ուր ներկայացվել են ՀՀ-ում արտադրվող կոնյակ, գինի, հյութեր և պարենային այլ ապրանքներ:

Նմանատիպ նյութեր