12970 դիտում
10:52 26-01-2014
31-ամյա վարորդը Կոտայքի մարզում BMW-ով կամրջից 30 մետր գլորվելով` գլխիվայր հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար
Երեկ` հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևան-Սևան ավտոճանպարհի 44-րդ կմ հատվածում, Հրազդան վարչական տարածքում ավտովթար է տեղի ունեցել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 23:00-ի սահմաններում BMW մակնիշի 34 MP 824 համարանիշի ավտմեքենայի վարորդ Աբովյան քաղաքի բնակիչ 31-ամյա Կամո Հովսեփյանը, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլորվելով գլխիվայր շրջվելով հայտնվել ձորակում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով 3 հոգի, որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն:
Մինչ կժամանեին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայության Հրազդանի հրշեջ փրկարար ջոկատի աշխատակիցները` 1 մարտական հաշվարկով, վիրավոր 2 ուղևորներ Աբովյան քաղաքի բնակիչներ 23-ամյա Վազգեն Հովսեփյանին և էլի 21-ամյա Վյաչեսլավ Առուստամյանին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սամվել Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ գլխիվայր շրջված ավտոմեքենան ուղղելուց հետո, փրկարարները 1 ժամից ավելի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, նոր միայն կարողացել են վարորդին դուրս բերել ավտոմեքենայից:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցն ու վարորդի կողմից արագության գերազանցումը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+