211652_close_icon
views-count2547 դիտում article-date 16:01 30-01-2014

Տարոն Մարգարյանը շնորհավորել է պետական միջոցների յուրացման համար դատապարտված դպրոցի նախկին տնօրենին

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այսօր նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: «Հարգելի պարոն Մարգարյան, Ինձ հայտնի է դարձել, որ սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի 26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում: Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից: Շնորհակալություն համագործակցության համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր