1228 դիտում
20:34 30-01-2014
Հետագա զարգացում կստանա հեռահաղորդակցության ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին, որով առաջարկվում է Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունն ազատել ԱԱՀ-ից: Ակնկալվում է, որ դա կապահովի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: Հարցը, ըստ վարչապետի, պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին: «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, - շեշտել է Տիգրան Սարգսյանը: - Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:
Նիստում հավանություն է տրվել Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Փրկարար ծառայության մասին» օրենքի պահանջը:
Գործադիրը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կմեծանան «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքերը, ավելի լավ կպաշտպանվեն գնորդների իրավունքները: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը, սակայն վերախմբագրման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել նաև մի շարք հարակից իրավական ակտերում: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին և հանգամանորեն շարադրել իր նկատառումները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Նմանատիպ նյութեր
1268 դիտում
14:55 15-01-2015
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
Այս բաժնից
853 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան