2996 դիտում
15:37 01-02-2014
Հայաստանում ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացման խնդիրը շատ մեծ է
Կոտայքի մարզի Արզական համայնքում այսօր տեղի ունեցավ ոռոգման շրջանի մեկնարկին նախորդող ավանդական հանդիպում-քննարկումը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Մասնակցում էին ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներ, հողագործ-ջրօգտագործողներ, ինչպես նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Հանդիպմանն ամփոփվեցին ոռոգման համակարգի 2013թ. արդյունքները, ներկայացվեցին 2014թ. գործունեության հիմնական ուղղությունները, քննարկվեցին ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր:
Արձանագրվեց, որ 2013 թվականը ոռոգման համակարգի համար բավականին լարված տարի էր, ինչը պայմանավորված էր ջրամբարներում ջրի ոչ բավարար ծավալներով, ոռոգման ջրի մեծ պահանջարկով, Սեւանա լճից լրացուցիչ ջրաքանակ չվերցնելու հանգամանքով: Դրան գումարվեց նաեւ Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած մի շարք համայնքների խնդիրը, որոնց ոռոգման ջուր օգտագործող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց 650 մլն դրամի չափով պետական աջակցություն ցուցաբերվեց: Այս պայմաններում ջրի պահանջարկը բավարարելու համար գործի են դրվել մեխանիկական համակարգերը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի դիմաց 900 մլն դրամի լրացուցիչ ծախսի առաջացման, որը նախատեսված չի եղել ոչ 2013թ., ոչ էլ 2014թ. բյուջեներում: Անխափան գործունեություն ապահովելու համար համակարգն ստիպված է ներքին ռեզերվների հաշվին մարել պարտքերը` օտարելով չօգտագործվող գույքային միավորները:
Վերը նշված եւ մի շարք այլ հանգամանքներով պայմանավորված` կառավարությունը նախաձեռնեց լրացումներ "Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին" ՀՀ օրենքում, որով առաջարկվում է մինչեւ 2019թ. Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խմ-ի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խմ:
"Կառավարությունը գիտակցում է այս քայլի պատասխանատվությունը: Մինչեւ օրինագիծը ներկայացնելը լուրջ քննարկումներ են եղել մասնագիտական շրջանակների հետ",-նշեց փոխվարչապետը` հավաստիացնելով, որ ամեն ինչ արվելու է Սեւանա լճից ջրառը նվազագույն ծավալներով իրականացնելու համար:
Նա ընդգծեց, որ Սեւանա լճից վերցվող ջրաքանակի ավելացումը բացառապես եւ միայն գյուղատնտեսությանն աջակցելու նպատակ ունի: "Կառավարության առաջնահերթ խնդիրն է ոռոգման շրջանում ապահովել գյուղացիական տնտեսությունների ջրի պահանջարկը, ուստի տարատեսակ ենթադրությունները անհիմն են եւ հեռու իրականությունից: Անկախ ամեն ինչից` համակարգի համար օրակարգային է ոռոգման ջրի խիստ արդյունավետ օգտագործման խնդիրը, եւ եթե տարին բարենպաստ լինի, բնականաբար, Սեւանա լճից առավելագույն ծավալ չի վերցվի",-նկատեց Ա. Գեւորգյանը:
Փոխվարչապետը նաեւ մտացածին եւ իրականությունից հեռու համարեց որոշ բնապահպանների` ջրամբարները միտումնավոր չլցնելու, իսկ պոմպակայանները միտումնավոր չգործարկելու մասին կարծիքները: Նշվեց, որ Ապարանի ջրամբարը վերջին վեց տարիների ընթացքում ամբողջությամբ չի լցվել, բացառություն է եղել 2011թվականը, Ազատի ջրամբարը վերջին 2 տարիներին նույնպես ամբողջությամբ չի լցվում, իսկ Ախուրյանի ջրամբարը, որը սովորաբար միշտ լցվում է եւ արտահոսք է ունենում, 2012 եւ 2013թթ. եւս ողջ ծավալով չի լցվել: Փոխվարչապետը նկատեց, որ ջրամբարներում ջրի ծավալների նկատմամբ վերահսկողություն է իրականացվում նաեւ ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից, որի կազմում նաեւ բնապահպանական ՀԿ-ների ներկայացուցիչներ են ընդգրկված, իսկ Ախուրյանի ջրամբարը, որի պաշարներն օգտագործում են երկու պետությունները, վերահսկվում է երկու կողմից էլ: Փոխվարչապետն ափսոսանք հայտնեց, որ նման կարեւոր հարցն արհեստականորեն շահարկվում է` թյուր ընկալումներ ձեւավորելով հանրության շրջանում:
Խոսելով 2014թ. անելիքների մասին` փոխվարչապետը նշեց, որ համակարգին այս տարի եւս լարված եւ քրտնաջան աշխատանք է սպասվում: 2014թ. համար նա առանձնահատուկ կարեւորեց սակավաջուր տարածքներում ջրամատակարարման կազմակերպման, ջրի կորուuտների նվազեցման, ջրի վերցման եւ ջրի տրման կետերում հաշվառման մեխանիզմների կատարելագործման, ջրամբարներում ջրի կուտակման լրացուցիչ աշխատանքների իրականացման, ջրանցքներում ջրի բաշխման շուրջoրյա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
2014թ. կշարունակվեն նաեւ ջրամբարաշինության ծրագրերի իրականացմանն ուղղված աշխատանքները: Նախատեսվում է, որ Կապսի եւ Վեդու ջրամբարների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ: Մաստարայի եւ Եղվարդի ջրամբարների կառուցման ծրագրերը քննարկվում են համապատասխանաբար Քուվեյթի զարգացման հիմնադրամի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ։ Նշվեց, որ հունվարի 26-ից Հայաստանում է Քուվեյթի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը, որը ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ քննարկում է Մաստարայի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական առաջարկությունները: Պատվիրակությունն այցելել է նաեւ կառուցվելիք ջրամբարի տարածք, ծանոթացել պայմաններին: Ակնկալվում է, որ մինչեւ պատվիրակության այցի ավարտը ջրամբարի կառուցման ամբողջականացված ծրագիրը կներկայացվի կողմերին: Փետրվարի 2-ից Հայաստանում կգտնվի նաեւ JICA-ի պատվիրակությունը` Եղվարդի ջրամբարի կառուցման ծրագրի ֆինանսատեխնիկական բաղադրիչները քննարկելու նպատակով:
Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ոռոգման համակարգերի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի վերականգնման վարկային ծրագրի արդյունավետ իրականացումը:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Արարատյան դաշտավայրի հատկապես չօգտագործվող եւ ապօրինի օգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերի կոնսերվացման եւ լուծարման ուղղությամբ: Շահագործվող մի շարք հորեր գտնվում են ոռոգման համակարգում, ուստի նա ՋՕԸ-երի ղեկավարներին առաջարկեց Բնապահպանության նախարարության, Ջրտնտպետկոմի, մարզպետարանների եւ համայնքների ղեկավարների հետ համագործակցաբար գույքագրել կոնսերվացման եւ լուծարման ենթակա բոլոր խորքայի հորերը:
Փոխվարչապետը կարեւորեց նաեւ ՋՕԸ-երի վարչական խորհուրդների արդյունավետ գործունեության ապահովման խնդիրը: Նա ողջունելի համարեց, որ "Շենիկ" ՋՕԸ-ի վարչական խորհրդի նախագահությունը խոշոր հողօգտագործող է ստանձնել, ինչը դրականորեն կանդրադառնա ՋՕԸ-ի գործունեության արդյունավետության վրա:
Մի շարք ՋՕԸ-երի ղեկավարներ բարձրացրեցին ինքնածախսածածկման մեխանիզմի անցնելու նպատակահարմարության հարցը: Ա. Գեւորգյանն առաջարկեց հարցը քննարկել Ջրտնտպետկոմի հետ, իսկ ստացված առաջարկություններն ամփոփել եւ ներկայացնել կառավարություն:
Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց նաեւ մինչեւ ոռոգման շրջանի մեկնարկն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել համակարգի բարձր պատրաuտվածության ապահովման համար: Նա նաեւ պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ոռոգման համակարգին, այնպես էլ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1275 դիտում
17:39 05-08-2014
Քննարկվել է «Նորավանք» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը
1500 դիտում
21:29 07-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը
Այս բաժնից
691 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
709 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»