1506 դիտում
21:29 07-08-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվեց «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման հարցը
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն` նվիրված «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը և վերոնշյալ մարզպետարանների գյուղատնտեսության վարչության պետերը:
«Հայկական միրգ» ԲԲԸ հիմնադրվել է 2011 թվականին: Ծրագրով, որի նպատակն է ինտենսիվ այգեգործության զարգացումը, նախատեսվում է հիմնել 306 հեկտար ընկույզի, դեղձի, բալի և այլ պտղատեսակների այգիներ, որոնք կունենան նոր, ժամանակակակից տեխնոլոգիաներ և կբավարարեն տեղական շուկայի պահանջարկը: Ներկայումս հիմնվել է 50.8 հեկտար պտղատու այգիներ՝ Արագածոտնի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում:
Ողջունելով ներկաներին, նախարարն ընդգծել է, որ չնայած այս ծրագրի հույժ կարևորությանը, նրա իրականացման տեմպերն առայժմ գոհացուցիչ չեն: «Պտղաբուծության զարգացմանն ուղղված այս նոր ծրագրի իրականացումը շատ կարևոր է մեր հանրապետության համար, սակայն նրա իրականացման խնդրում դեռևս գոյություն ունեն լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», - նշել է նախարարը:
Մարզպետները համակարծիք էին, որ ծրագիրը կարևոր է, սակայն անհրաժեշտ է որոշ քայլեր ձեռնարկել գյուղացիական տնտեսությունների իրազեկվածության մակարդակի բարձրացման, ծրագրի ժամկետների կրճատման, հողատարածքների չափորոշիչների վերանայման ու ավելի փոքր հողատեսքերի ներգրավման համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն առաջարկել է մարզպետներին սեղմ ժամկետներում ներկայացնել գրավոր առաջարկներ ծրագրի բարելավման և արդունավետության բարձրացման վերաբերյալ: Տեղեկացնելով, որ սեպտեմբերին Հայաստան է ժամանելու «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» առաքելությունը, նախարարը նշել է, որ բոլոր առաջարկները կքննարկվեն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը հանձնարարել է նաև փոխնախարար Սամվել Գալստյանին և Հովհաննես Հովհաննիսյանին առաջիկա շաբաթվա ընթացքում այցելել վերոնշյալ մարզեր և տեղում հանդիպումներ կազմակերպել ծրագրի շահառուների հետ և մանրամասն ներկայացնել ծրագրի պայմանները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Նմանատիպ նյութեր
1278 դիտում
17:39 05-08-2014
Քննարկվել է «Նորավանք» հիմնադրամի գործունեության արդյունավետության բարձրացման հարցը
Այս բաժնից
808 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
838 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»