211652_close_icon
views-count1286 դիտում article-date 14:31 07-02-2014

Ամփոփվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի վերաբերյալ ծրագրի արդյունքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում փետրվարի 6-ին տեղի ունեցավ "Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին ցերեկային խնամք, պաշտպանություն և տարրական մասնագիտական հմտությունների ուսուցման ապահովում` սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման միջոցով" ծրագրի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման գործընթացի հաշվետվության ներկայացումը, որն իրականացվել էր Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից: Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ջ, Բաղդասարյանը, Ս. Հարությունյանը, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ներկայացուցիչներ, "Փրկություն" հասարակական կազմակերպության նախագահ Ա. Աբրահամյանը: Կարևորելով նախարարության համակարգում գնահատման և մոնիթորինգի գործուն համակարգի անհրաժեշտությունը` 2013թ. համապատասխան մասնագետների կողմից մշակվել և նախարարի հրամաններով հաստատվել է ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի մոնիթորինգի և արդյունավետության գնահատման համակարգի ներդրման հայեցակարգը, կառուցվածքագործառութային մոդելը, մոնիթորինգի և գնահատման ընթացակարգերի նկարագրերը և մեթոդաբանությունը: Նախարարի հանձնարարությամբ կատարվել է երեք ծրագրի` "Հայաստանի Հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման ծառայություններ", "Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող անձանց զբաղվածության խթանման միջոցով նրանց գյուղացիական տնտեսությունների վերականգնում", "Մտավոր խնդիրներ ունեցող դեռահասներին և երիտասարդներին ցերեկային խնամք, պաշտպանություն և տարրական մասնագիտական հմտությունների ուսուցման ապահովում` սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցման միջոցով" նախնական գնահատում, որոնք կատարվել են մշակված հարցաթերթիկների, քանակական և որակական հետազոտությունների միջոցով: Ողջունելով հանդիպման մասնակիցներին` նախարարի տեղակալ Ս. Հարությունյանը նշեց. "Առաջին անգամ փորձում ենք հաշվետվության տեսքով ներկայացնել մեկ ծրագրի նախնական գնահատման արդյունքները՝ նպատակ ունենալով միասին տեսնելու կատարված աշխատանքները, ծրագրի առավելություններն ու բացթողումները, վերհանել ուժեղ ու թույլ կողմերը, նախանշել հետագա բարելավման քայլերը: Կարծում եմ՝ կատարված աշխատանքը հնարավորություն կտա լիարժեք և համակողմանի տեսնել ծրագրի և մատուցված ծառայությունների օբյեկտիվ պատկերը, հետագա աշխատանքների համար կատարել անհրաժետ եզրահանգումներ": Վերոնշյալ ծրագրի արդյունավետության գնահատման նպատակով մասնագետները 2013թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին այցելել են "Փրկություն" հասարակական կազմակերպություն, որն իրականացնում է սոցիալական, կրթական և առողջապահական ծառայությունների կարիք ունեցող 50 մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդի և դեռահասի ցերեկային խնամքը, առօրյա զբաղվածությունը և սոցիալական սպասարկումը, ինչպես նաև աջակցություն ընտանիքներին՝ աշխատելու և հոգալու սոցիալ-տնտեսական կարիքները: Մասնագետները կատարել են շենքային պայմանների դիտարկում, շահառուների ծնողների կարծիքի վերլուծություն, աշխատողների հետ հարցազրույցների անցկացում, մոնիթորինգային ցուցանիշների հավաքագրում: Գնահատման հիմք է հանդիսացել վերջին 3 տարվա ցուցանիշների դիտարկումը: Բանախոսը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց կազմակերպության իրականացրած ծրագրի ընթացիկ և հեռահար նպատակները, խնդիրները, իրականացվող գործողությունները, ակնկալվող արդյունքները: Ծրագրի գնաhատումը կատարվել է հետևյալ գործողությունների համաձայն` մտավոր խնդիրներ ունեցող շահառուների ընտրություն, հատուկ տիպի մանկատանը կամ տուն-ինտերնատում հայտնվելու կանխարգելում, անհատական և խմբային պարապմունքների միջոցով բազմամասնագիտական խմբի կողմից աջակցություն, ցերեկային խնամքի ու տարրական մասնագիտական հմտությունների ուսուցման տրամադրում, մշակութային միջոցառումների կազմակերպում: Ընդհանուր առմամբ ծրագիրը գնահատվել է գերազանց, նրա հետագա արդյունավետությունը բարձրացնելու, ծառայությունների որակն էլ ավելի բարելավելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել լրացուցիչ տրանսպորտային միջոցի ձեռքբերում, բուժսենյակի և էրգոտերապիստի սենյակի կահավորման և տեխնիկական հագեցման պայմանների բարելավում, հաստիքների համալրում: Կարևորելով նմանատիպ հաստատությունների դերը հաշմանդամություն ունեցող, մասնավորապես՝ մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար, նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանը նշեց, որ իրականացվող ծրագրերի գնահատման գործընթացը շատ կարևոր է ոլորտի քաղաքականություն մշակողների համար, առաջնային համարելով երեխայի սոցիալիզացիայի խնդիրը, ինքնասպասարկման հմտությունների զարգացումը: Հանդիպման վերջում հնչած բազմաթիվ առաջարկությունները, դիտողություններն ու կարևոր դիտարկումները կներառվեն հաջորդ ծրագրերի գնահատման գործընթացներում:

Նմանատիպ նյութեր