211652_close_icon
views-count1436 դիտում article-date 14:59 10-02-2014

2014 թվականին Երևանում կգործարկվի շախմատի 5 դպրոց

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով նախորդ շաբաթ ստացվել է համապատասխանաբար 142 և 79 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ: Ընթացքի մեջ է գտնվում 48 հարց: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարական հրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչների պահպանմանն ու այդ ուղղությամբ իրականացված հսկողությանը՝ զեկուցվել է, որ հայտնաբերվել և արձանագրվել է 16 դեպք: Իրավախախտումները բացառելու նպատակով հանձնարարվել է շարունակել աշխատանքներն ու խստացնել հսկողությունը Զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով: Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին անդրադառնալով՝ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է խիստ հսկողություն՝ հատուկ ուշադրություն դարձնելով պայմանագրերով սահմանված մեքենաքանակների ապահովմանը: Ըստ այդմ որոշ կազմակերպություններ ստացել են խիստ նախազգուշացումներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու պայմանագրային պարտավորությունները թերի կատարողների նկատմամբ ձեռնարկել օրենքով սահմանված խիստ քայլեր՝ ընդհուպ՝ պայմանագրի լուծում: Մայրաքաղաքում ավտոկայանումների համար որոշ անձանց կողմից ապօրինի գումարների գանձման դեպքերի հետ կապված՝ հանձնարարվել է առավել խստացնել հսկողությունն ու օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ կիրառել: <<Մենք պետք է լինենք շատ ավելի խիստ և հետևողական: Անընդունելի է, որ մեր համաքաղաքացիները, վճարելով տարեկան կամ որոշակի տուրք վճարովի ավտոկայանատեղիների համար, միաժամանակ մայրաքաղաքի որոշ փողոցներում լրացուցիչ գումարներ են վճարում ինչ-որ անձանց: Վճարովի ավտոկայանտեղիներում ապօրինի գումար գանձողների վերաբերյալ ստացված բոլոր տվյալները պետք է ուղարկել ոչ միայն ոստիկանություն, այլև դատախազություն>>,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով իրականացվող հսկողության և կատարված աշխատանքների մասով զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի 17 մանկապարտեզներում կազմակերպված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ շարունակել վերահսկողությունը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի հարևանությամբ կառուցվող Կոմիտասի թանգարանի հարակից տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագիծը և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է նաև սեղմ ժամկետում ներկայացնել 2014 թվականին մայրաքաղաքում շախմատի հինգ նոր դպրոցների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը: Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունների ներկայացումը՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով: Քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրել է շինարարության և բարեկարգման, բնապահպանության, կոմունալ տնտեսության և սոցիալական ապահովության ոլորտներում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Այնուհետ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրել է ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման, գնումների բնագավառներում, ինչպես նաև ներքին աուդիտի, վարկային որոշ ծրագրերի և հանձնաժողովների աշխատանքների 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի գործունեությունը՝ <<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքով սահմանված միջոցառումների մասով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացված հաշվետվություններն ընդունել է ի գիտություն և մյուս ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է տարեկան հաշվետվությունները ներկայացնել հաջորդ աշխատանքային խորհրդակցությանը:

Նմանատիպ նյութեր