211652_close_icon
views-count4254 դիտում article-date 11:27 20-02-2014

Նոր Խարբերդի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը` կապված նոր ջրագծի կառուցման հետ

Տաք եղանակին զուգահեռ արագացել են նոր ջրագծի կառուցման տեմպերը Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի Զոնալ թաղամասում: Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին «Երևան Ջուր» ՓԲԸ պատվերով սկսված աշխատանքները ներկայումս ըստ էության մտել են ավարտական փուլ: «Շինմաստեր» ՍՊԸ-ն խոստանում է ջրագիծը շահագործման հանձնել մարտի 15-ին: Իսկ գործի ծավալը փոքր չէ: Պետք է տեղադրվի մոտ 600 գծամետր երկարությամբ 100մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակ, կառուցվի 5 դիտահոր՝ փականային հանգույցով և ևս 17 անհատական ջրաչափական հոր՝ փողոցի բնակիչների համար, փականն ու ջրաչափը ներառյալ: Աշխատանքների ընդհանուր արժեքը 37,7 մլն դրամ է: Նոր ջրագծի կառուցումը պայմանավորված է նրանով, որ նախկինը՝ մետաղականը, ձգվում էր գյուղից դուրս գտնվող դաշտում՝ ոռոգման առվին զուգահեռ և գտնվում էր տեխնիկապես խիստ անբավարար վիճակում: Հաճախակի էին վթարները, որոնք միշտ չէ, որ հաջողվում էր արագորեն վերացնել: Իսկ դա էլ հանգեցնում էր ջրի զգալի կորստի և վտանգում նրա որակը: Ավելին, որոշ բնակիչների կողմից կենարար հեղուկը ոռոգման նպատակով օգտագործելու հետևանքով Զոնալ թաղամասում, չնայած մատակարարվող ջրի 15 լիտր վայրկյանում քանակին, մշտապես զգացվում էր ջրի անբավարարություն: Մինչդեռ նոր ջրագծի շնորհիվ թաղամասում ոչ միայն կբարելավվի ջրամատակարարումը, այլև հնարավոր կլինի զգալի ջուր տնտեսել: Իսկ առայժմ, շինարարական և վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 21-ին ժամը 08.00-22.00 կդադարեցվի Նոր Խարբերդի Զոնալ թաղամասի 7, 9, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: «Երևան Ջուր» ՓԲԸ, Հանրային կապերի ծառայություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր