211652_close_icon
views-count1435 դիտում article-date 22:00 24-02-2014

Ճշմարտություն. իմանալը կարևոր է

Զույգ երեխաները իրենց մոր արգանդում զրուցում են. -Դու հավատո՞ւմ ես մայրիկի գոյությանը: -Այո՛: -Իսկ ո՞ւր է նա: Եթե նա գոյություն ունի, ինչո՞ւ մենք նրան չենք տեսնում: -Երբ ծնվենք, այն ժամանակ էլ նրան տեսնելու ենք, խոսելու ենք նրա հետ, սիրելու և սիրվելու ենք նրանից: Նույնիսկ հիմա նա սիրում է մեզ… -Դու լրիվ հետամնաց ես. դու հավատում ես, որ ծնվելուց հետո կյանք կա: Կարծես կույր լինես, չե՞ս տեսնում, որ մենք սնվում ենք այս պորտալարից, երբ ծնվենք, այս պորտալարը կտրվելու է, և մենք գոյությունից անցնելու ենք չգոյություն: Հիմա կանք, ծննդից հետո` չկանք. վե՛րջ: Մի անգամ ենք ապրում ու մեռնում: Դրա համար հիմար էլ ինչ որ կարող ես, պիտի անես, ծնունդից հետո կյանքը հնարավոր չէ. սա գիտական ապացույց է: -Ես չգիտեմ այդ քո գիտական կամ փիլիսոփայականը, բայց երբ բոլորը լռում են, մայրիկը երգում է մեզ համար, և ի՜նչ քաղցր է նրա ձայնը… -Իսկ ինչո՞ւ ես չեմ լսում: -Որովհետև չես հավատում. հավատա՛ և կլսես… Այս առակը, որը մի հիանալի ապացույց է Աստծո գոյության հիմնավորման համար, ընդունելի է բոլոր հավատացյալների կողմից, անկախ նրանից, թե ինչ կրոնի կամ աղանդի է պատկանում տվյալ հավատացյալը: Սակայն բոլոր գիտակից հավատացյալներն էլ միաբերան կհաստատեն, որ միայն Աստծու լինելիությանը հավատալը, և Նրա «երգի ձայնը լսելը» քիչ է փրկությանը` «ծննդից հետո մայրիկի գրկում խաղաղություն գտնելու» համար: Սուրբ Հակոբոս առաքյալն իր խոսքում ասում է. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված. լավ ես անում: Դևերն էլ են հավատում և դողում (Հակոբ. 2:19)»: Եվ Հակոբոսն այս համեմատությունն անում է՝ ցույց տալու համար, որ միայն մեկ Աստծո գաղափարն ընդունելը բավական չէ՛ (առաքյալն այլ բանի համար է այս օրինակը բերում, բայց միևնույն է՝ ամեն դեպքում էլ այս օրինակը հարկավոր է մտքում ունենալ): Հենց վերը պատմած առակից էլ հասկանալի է, որ «մայրիկը» չի ցանկանա, որ մենք Նրան շփոթենք այլ էակի հետ և Իր պադգամն ու խոսքը առանց հասկանալու կամ (ինչպես աղանդավորները) միտումնավոր շեղենք: Չի ցանկանա, որ Իրեն վերագրենք հատկություններ, որոնք Ինքը չունի: Ուրեմն հարկավոր է հստակ գիտակցել, թե Աստված ասելով, ո՛ւմ ի նկատի ունենք: Օրինակ, Արիստոտելն աստված ասելով հասկանում էր մի անդեմ ուժ, որը շարժում է տիեզերքը, իսկ Սպինոզան աստված ասելով հասկանում էր բնությունը, և այսպես ամեն մի քիչ թե շատ շնորհալի մտածող կարող է հորինել իրեն հարազատ աստված: Սակայն ինքդ քո հորինած աստծուն պաշտելով ոչ միայն հավատացյալ չես լինի, այլ դու քո պատկերով և նմանությամբ կհորինես մի կուռք (որն իրականում հենց դու ես, բայց քո երազած տարբերակով) ու կխախտես ամենակարևոր պատվիրաններից մեկը. «Ինձանից բացի, այլ աստվածներ չպիտի՛ լինեն քեզ համար» (Ելք 20:3): Խուսափելու համար նմանատիպ ծանր մեղքերից ճշմարիտ Աստծուն իրոք ճանաչելու և Նրա ճշմարիտ զավակը դառնալու համար հարկավոր է լավ սերտել ու հասկանալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հավատամքը»: Այն, կարելի է ասել, Եկեղեցու «սահմանադրությունն» է, որում կարճ և ճշգրիտ արտահայտված է, թե ով է Աստվածաշնչում պատմվող Աստված` Սուրբ Երրորդությունը, Հայրը, Որդին (Հիսուս Քրիստոս) և Սուրբ Հոգին, ում հասնելու համար հարկավոր է հնարավորինս ճանաչել ու սիրել, իսպառ սիրել: Նա է մեր սրբերի կողմից քարոզված, մեր Հայրերի կողմից պաշտված, մեզ կանչող և մեզ սիրող ու ներող միակ ճշմարիտ Տեր Աստվածը, ում և փա՛ռք, իսկ մեզ` խաղաղություն, այժմ և միշտ, հավիտյանս: Ամե՛ն: [b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր