211652_close_icon
views-count840 դիտում article-date 21:48 28-02-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իտալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: Ողջունելով դեսպանին` Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Հայաստանի և Իտալիայի միջև առկա սերտ փոխգործակցության համար: Այնուհետև անդրադարձ կատարվեց Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Իտալիայի դեսպանատան հետ Մայր Աթոռի արդյունավետ համագործակցությանը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ այդ սերտ կապերի շնորհիվ Հայ Եկեղեցու մի շարք հոգևորականներ իրենց ուսումն են շարունակել Արևմուտքի, այդ թվում նաև Հռոմի աստվածաբանական բարձրագույն հաստատություններում: Զրույցի ընթացքում խոսվեց նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում Եկեղեցու կարևոր դերակատարության մասին: Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը Հայաստանում իր առաքելության մեջ արդյունավոր գործունեություն մաղթեց դեսպանին:

Նմանատիպ նյութեր