211652_close_icon
views-count10077 դիտում article-date 16:30 05-03-2014

Վլադիմիր Գասպարյանի անակնկալ այցը Արագածոտնի մարզ իրարանցում էր առաջացրել մարզպետարանում (լրացված)

Այսօր՝ մարտի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն անակնկալ այցելել է Արագածոտնի մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում, որին ներկա են եղել ոստիկանության մարզային վարչության և մարզի ոստիկանության բաժինների ղեկավարները, քննչական բաժնի ու բաժանմունքների պետերը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի պատասխանատուները: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը հանդիպում է ունեցել մարզպետարանում, որին ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը և գյուղապետեր: Մարզպետարանի մոտ հավաքված մարդիկ, իմանալով ՀՀ ոստիկանապետի այցի մասին, ասում էին. «Էս կարողա՞ մարզպետի երգը երգվումա»: * * * 20:20 Քիչ առաջ ՀՀ ոստիկանությունը տարածեց հաղորդագրություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև: «Մարտի 5-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մարզային այցելությունների ծրագրով՝ Արագածոտնի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ստորաբաժանումներին առաջադրված խնդիրներին և հատկապես կարևորեց մասնագիտական պարապմունքների նշանակությունը՝ ընդգծելով, որ չի հանդուրժվելու ձևական վերաբերմունքը այդ կարևոր գործընթացի հանդեպ: Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի, բռնությամբ ցուցմունք կորզելու և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ: Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության բացառիկ նշանակությունը նախանշված ծրագրերի իրագործման համար: Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հասարակության սպասարկող ծառայությունների աշխատանքի որակը բարելավելու, աշխատանքում սեփական տրանսպորտային միջոցներն օգտագործող գյուղացու հանդեպ հոգատար վերաբերմունքի, անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման, իրենց օրենքից վեր դասողների նկատմամբ ձեռնարկվելիք միջոցառումների և մի շարք այլ ուղղություններով: Ոստիկանության պետը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց ամենայն աջակցություն և օգնություն ցուցաբերել մարզի եզդիների համայնքների հանդեպ՝ նկատի առնելով ազգային առանձնահատկությունները: Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ աշխատանքային հանդիպումները մարզերում լինելու են պարբերական՝ ակնկալելով գործնական հետևություններ և արդյունքներ: Խորհրդակցությունից հետո Վլադիմիր Գասպարյանը Արագածոտնի մարզպետարանում հանդիպում ունեցավ համայնքների ղեկավարների հետ: Վերկուծելով ոստիկանության բարեփոխումների գործընթացը և գլխավոր սկզբունքները՝ ոստիկանության պետը ներկայացրեց հասարակության հետ համատեղ աշխատանքի մարտավարությունը: Ոստիկանության պետը կարևորեց, մասնավորապես, անչափահասների հետ տարվող աշխատանքը և հայտնեց, որ հաստիքներ են տրամադրվել Արագածոտնի մարզի երեք ավագ դպրոցներում ոստիկանների աշխատանքը կազմակերպելու համար: Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին հորդորեց աջակցել ապօրինի զենք-զինամթերքը հայտնաբերելու գործում՝ նշելով, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Իսկ ինչ վերաբերում է որսորդական հրացաններին, ապա օրինական կերպով գրանցելուց հետո դրանք կվերադարձվեն տերերին: Ավելին, անտառամերձ տարածքների բնակիչներին կտրամադրվեն օրինական հրացաններ, ինչի փորձը ոստիկանությունն արդեն իսկ ունի: Պատրաստակամություն հայտնելով համակողմանի իրավական օգնություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին՝ ոստիկանության պետը նաև նշեց, որ ոստիկանությունը պատասխան քայլեր է ակնկալում: Ամփոփելով հանդիպումը՝ Վլադիմիր Գասպարյանը հավաստեց, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներն անշրջելի են, և ունենալով հասարակության հավատն ու վստահությունը, համատեղ աշխատանքով հասնելու ենք նախանշված ծրագրերի իրագործմանը»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր