211652_close_icon
views-count1810 դիտում article-date 17:38 05-03-2014

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել դասախոսությամբ

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 5-ին այցելեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների համար հանդես եկավ դասախոսությամբ՝ «Թուրք-ադրբեջանական դաշինքը որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք» թեմայով: Դասախոսության ժամանակ ԱԺ փոխնախագահն անդրադարձավ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացմանն ու ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաեւ նրան, որ Թուրքիան ռազմական, ֆինանսական եւ տնտեսական օգնություն է ցուցաբերել եւ ցուցաբերում Ադրբեջանին: «Այն, որ Թուրքիայի պետական քաղաքականությունն ու գաղափարախոսությունը նաեւ պանթուրքիզմն է, եւ այսօր էլ պանթուրքիզմն ունի իր տեղն ու դերը, փաստ է: Խորհրդային միության փլուզումից հետո, երբ թյուրքական բազմաթիվ հանրապետություններ Ղրղզստանից, Ղազախստանից մինչեւ Ադրբեջան անկախացան, Թուրքիան գիտակցեց, որ իր համար լավ առիթ է ստեղծվել՝ իրականացնելու իր երբեմնի նպատակները»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նրա դիտարկմամբ՝ պատահական չէ, որ 1990-ականների սկզբին Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հայտարարեց, որ թուրքերի եւ ադրբեջանցիների միասնությունը Էգեյան ծովից մինչեւ Չինաստան ճանապարհ բացելու համար առաջին քայլն է: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ սա պանթուրքիստական գաղափարախոսության արտահայտման օրինակ է: Նա ընդգծեց, որ նույն միտքը 20-րդ դարի առաջին կեսին արտահայտել է նաեւ Վեհիբ փաշան. «Մենք պետք է տարածվենք դեպի Արեւելք. այնտեղ մեր արյունն է, մեր կյանքը, մեր լեզուն, եւ դուք, հայեր, կանգնած եք մեր ճանապարհին»: ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ 1918-ին ստեղծված Ադրբեջանի Հանրապետությունը ոչ այլ ինչ է, քան պետություն, որն առաջացել է թուրքական ռազմական ինտերվենցիայի արդյունքում, որտեղ կովկասյան թաթարները կազմում էին փոքրամասնություն: «Նույնիսկ 1918-ի Ադրբեջանի անկախության հռչակագրում նշված էր ոչ թե «Ադրբեջանի ժողովուրդ», այլ «Ադրբեջանի ժողովուրդներ» եզրույթը: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն ընդամենը աշխարհագրական անվանում է, ոչ թե էթնոնիմ, որտեղ բնակվում էին կովկասյան թաթարներ, թաթեր, լեզգիներ, հայեր, հրեաներ, ռուսներ, ավարներ, պարսիկներ»,-նշեց Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ միայն 1936-ի ստալինյան սահմանադրությամբ կովկասյան թաթարները սկսեցին կոչվել ադրբեջանցիներ: Էդուարդ Շարմազանովը նշեց՝ բազմաթիվ փաստաթղթեր վկայում են, որ ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի տարիներին թուրքերը մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են մատակարարել Ադրբեջանին: Նրա խոսքով՝ ժամանակին դրա մասին գրել է նաեւ ռուսական եւ արեւմտյան մամուլը, եւ պատահական չէ, որ Ադրբեջանի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի ռազմական խորհրդականը թուրքական բանակի գեներալ Յաշար Դեմիր Բուլակն էր: «Այսօր էլ Թուրքիան ամեն կերպ փորձում է միջամտել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ հայ-թուրքական սահմանի բացումը շաղկապելով հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Թուրքիան ի վերջո պետք է գիտակցի, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նա որեւէ անելիք չի կարող ունենալ, քանի որ ի սկզբանե ունեցել է միակողմանի ադրբեջանամետ կողմնորոշում»-ամփոփեց ԱԺ փոխնախագահը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր