211652_close_icon
views-count2848 դիտում article-date 21:18 15-03-2014

Կանանց բանտը փակելն արդարացված է

Բաց հասարակության գաղափարը բացառում է ազատազրկումը՝ որպես պատիժ: Այն երկրներում, որտեղ հասարակությունը բաց է, արդարադատությունն աստիճանաբար անցում է կատարում այնպիսի պատիժների, որոնք չեն ենթադրում մարդու ազատազրկումը: Մանավանդ, որ բաց հասարակությունը ժողովրդավարական է: Առաջ հավասարությունը, եղբայրությունը արժեքներ էին առանձին խմբերի համար, իսկ բնակչության մեծ մասի համար դրանք հարաբերական էին: Ազատությունը միայն մի խումբ մարդկանց համար էր, մյուսներն ազատ չէին: Ք. ա. 6-րդ դարում Հունաստանի արքոնտ Սոլոնի բարեփոխումներից հետո ազատությունը դարձավ համընդհանուր արժեք, որը Մակեդոնացու սրով տարածվեց աշխարհում: Միջնադարում ազնվականներին չէին ազատազրկում, այլ մահապատժի էին ենթարկում: Անազատներին՝ ստրուկներին, նույնպես չէին ազատազրկում, մտրակի հարված էին տալիս, օրերով կապում ծառին, տանջում: Ազնվականներին սպանում էին, որովհետև համոզմունք կար, թե ազնվականը չի կարող սխալվել: Իսկ եթե սխալվել է, ուրեմն սատանա է մտել մեջը, որին պետք է սպանել՝ մարդուն սպանելով: Իսկ անազատներին վերաբերվում էին ինչպես անասունի: Նրանց ծեծում, տանջում էին, որ տեղը բերեն ու տիրոջը լավ ծառայեն: Նոր ժամանակներում ընդունվեց, որ մարդիկ հավասար են: Այս մեծ առաջընթացից հետո ստիճանաբար վերացվեցին մահապատիժը, ծեծն ու տանջանքները, սակայն վերականգնվեց ազատազրկումը՝ որպես պատիժ: Ազատազրկումը համարվեց մարդասիրական պատիժ՝ ծեծի, տանջանքի, մահապատժի համեմատությամբ: Այսօր եկել է նաև ազատազրկումը վերացնելու ժամանակը: Այն իրեն այլևս չի արդարացնում: Ժամանակն է ավելի մարդասիրական մոտեցումներ կիրառել օրինախախտների նկատմամբ: Այստեղ անելիք ունեն պատգամավորը, նախարարը, հոգեբանը, մշակույթի գործիչը, ուսուցիչը, հոգևորականը: Այսօր կանանց ազատազրկման մեջ պահելը բարբարոսություն է: 21-րդ դարում, բաց, ժողովրդավարական հասարակությունը պարտավոր է հրաժարվել կանանց ազատազրկելու գործելակերպից: Մեծ չափերի արտագաղթ, ծնելիության անկում ունեցող հասրակությունը կարող է իրեն թույլ տալ փակել կանանց բանտը: Ի վերջո, գենդերային հավասարության մասին քննարկումները հասարակական բուռն արձագանք են գտնում: Պատվախնդիրներն, ավանադապահները անխնա քննադատության են ենթարկում նրանց, ովքեր փորձում են խոսել կանանց և տղամարդկանց հավասարության մասին: Այս տեսանկյունից լիովին արդարացված է կանանց բանտը փակելը, քանի որ կանանց և տղամարդկանց նկատմամբ նույն պատիժը կիրառելն անբարոյական է: Այն երկիրը, որն առաջինը կփակի կանանց բանտը, մեծ քայլ կատարած կլինի քրիստոնեական, ժողովրդավարական աշխարհում: Որոշ ժամանակ նա կարող է առաջատար լինել և մարդասիրական, բարոյական օրինակ ծառայել աշխարհին: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր