211652_close_icon
views-count11018 դիտում article-date 23:36 15-03-2014

Հայտնաբերվել են Երևանյան լճի մոտ մահվան ելքով աղմկահարույց վրաերթը կատարած «գոլդ» համարանիշներով «Ջիպ»-ն ու նրա վարորդը

Այսօր՝ մարտի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս Երևանի Նոր Նորք վարչական շրջանում հայտնաբերել են Mercedes Benz մակնիշի 622 ԼԼ 22 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներով պարզվել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը մարտի 9-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Շենգավիթ վարչական շրջանում՝ Բագրատունյաց պողոտայում, Երևանյան լճի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Ավտոմեքենան հայտնաբերվել է Լվովյան թիվ 5 շենքի բակում, իսկ մեքենայի վրա ակնհայտ երևում են վրաերթի հետքերը. կոտրված է ձախ լուսարձակն ու վարորդի կողմի հայելին և վնասված է դիմապակին: Ի դեպ, վրաերթի վայրում հայտնաբերվել է նաև նշված ավտոմեքենայի հայելին: Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Արթուր Գասոյանը, ովքեր արդեն ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որպեսզի ավտոմեքենան տեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 1 շենքում գործող «Հիմնաքար» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Ոստիկաններին արդեն հայտնի է վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը, ով, ըստ տեղեկությունների, փախուստից հետո մեկ այլ ավտոմեքենայով վերադարձել է վրաերթի վայր և քար անտարբերությամբ հետևել ոստիկանների աշխատանքին: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1403091404131/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 9-ին՝ Ժամը 01:00-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Բագրատունյաց պողոտայում թիվ 1/4 հասցեի դիմաց (Երեւանյան լճի հարեւանությամբ) վրաերթ էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ հոգի տեղում մահացել էր, եւս մեկը տեղափոխվել էր հիվանդանոց: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Տեղում էր նաեւ ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով: Ոստիկանությունը տեղում պարզել էր, որ նշված հասցեի դիմաց անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 25-30 տարեկան տղամարդու եւ Ջրվեժ գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Գյուլումյանին, որից հետո վերջինս հանդիպակած երթեւեկելի գոտի շպրտվելուց հետո վրաերթի էր ենթարկվել Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ, 37-ամյա Հայկ Սրապիոնյանի կողմից վարած Օպել մակնիշի 34 TՍ 843 համարանիշի ավտոմեքենայի կողմից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր