211652_close_icon
views-count6830 դիտում article-date 23:53 24-03-2014

Էլիչկա տատը Ոսկեվան գյուղի ամենատարեցն է` 101 տարեկան. ֆոտոշարք

Էլիչկա տատը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի ամենատարեցն է` 101 տարեկան: Չնայած, որ հարսը կարծում է, թե գուցե նաև ավելի մեծ է, պարզապես անձնագիրը տվել են 1913 թվականի գրանցումով, որպեսզի 1912 թվականին ծնված ամուսնուց մեծ չգրվի: -Հայրս ինձ լավ օժիտ է տվել, նրանց երկուսին չէ, ասեց` «Ձեզ սովորեցրել եմ, սրան էլ լավ օժիտ եմ տալու»,- պատմում է Էլիչկա տատը: «Նրանց երկուսն» ասելով՝ նկատի ունի քույրերին, որոնք ծնվել են հոր երկրորդ կնոջից: Երկու տարեկան է եղել, երբ մայրը եղբոր ծննդաբերության ժամանակ մահացել է: Փոքրիկին խնամելու համար հայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրը Էլիչկային դպրոց չի ուղարկել՝ ի տարբերություն իր աղջիկների, ոչ էլ շուտ ամուսնացրել է, որպեսզի մնա ու իրեն տնային աշխատանքներում օգնի: Արդեն 17-18 տարեկան` ժամանակի համար մեծ համարվող աղջկան ամուսնացրել են հորաքույրները՝ տալով «լավ օժիտ»` խալի, ձունձ, մափռաս /անկողինը մեջը պահելու հարմարանք/, կուժ, պղինձ: Այն ժամանակվա համար այս ամենը համարվում էր բավականին լավ: Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցում է նաև Էլիչկայի ամուսինը: Երկու անգամ ամուսնու մահը գուժող սև թուղթ է գալիս, հետո՝ զոհված համարվող ամուսինն է վերադառնում: Այսօր նրա գերդաստանը` որդիները, թոռներն ու ծոռները, 100-ից ավելի են: Պատերազմի ժամանակ տենդ կոչվող տարածված հիվանդությամբ հիվանդանում է նաև Էլիչկա տատը: Տենդից գրեթե ոչ ոք չէր բժշկվում: Բայց 6 ամիս տենդելուց հետո էլիչկա տատն առողջանում է: Հորանց տանը հյուր է լինում ու հանկարծ սիրտը թթու է ուզում, որն արգելված էր ուտել: Ու քանի որ բոլորը մտածում են, թե միևնույն է՝ Էլիչկան մահանալու է, տալիս են թթուն: Երբ նա արդեն գնում է ամուսնու տուն, բոլորն սպասում են, որ պիտի մահվան լուրը լսեն, բայց պարզվում է՝ մահացու համարվող հիվանդն առողջացել է: Մենք բոլորս սա կարող ենք համարել սովորական զուգադիպություն, կամ՝ հրաշք, իսկ, ա՛յ, Էլիչկա տատը համողված է, որ ինքը պահապան Սուրբ ունի: Հենց այդպես էլ ասում է. -Իմ սուրբը միշտ ինձ հետ է: Էլիչկա տատը շատ երկար տարիներ զբաղվել է խալեգործությամբ, չնայած, որ այդ մասին ոչ մի թուղթ չկա, աշխատանքային ստաժն էլ չի պահպանվել, թղթերն այրվել են, ու հիմա 101 ամյա կինը ստանում է ընդամենը 38 000 դրամ ծերության թոշակ: Բողոքում է, որ հետը զրուցող չկա: Ա՛յ, եթե հեռուստացույց ունենար, գոնե դրանով կզբաղվեր իր փոքրիկ սենյակում / հեռուստացույց ունեն հյուրասենյակում, բայց տանը փոքր երեխաներ կան, ու, բնականաբար, հետաքրքրությունները չեն կարող համընկնել/: Մեր տված հարցերի մասին խոսում է շատ քիչ, բայց այ ամեն հարցի վերջում սիրով խոսում է, իր պահապան Սրբից: Պատրաստեց՝ [b]ՀԵՂԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր