1606 դիտում
23:00 27-03-2014
Կորած սերն ու անտարբերության քարը
Սկզբում մարդն անտարբերությամբ լցվեց եղբայրների, ընտանիքի անդամների, ծնողների նկատմամբ: Դրանից հետո անտարբեր դարձավ ընկերների, հարևանների նկատմամբ: Հետո քաղաքի բնակիչների, զբոսաշրջիկների նկատմամբ: Դրանից հետո անտարբերությամբ լցվեց ուսուցիչների և նրանց ասածների, հետո թաղային հեղինակությունների և նրանց սահմանած կանոնների նկատմամբ:
Ժամանակի ընթացում մարդու համար անիմաստ դարձան հասարակական, քաղաքական գործընթացները, իսկ դրանցում ներգրավվածները համարվեցին դատարկաբանությամբ զբաղվող: Հատկապես անիմաստ էին քաղաքական ելույթները, որոնցում ինչ-որ գաղափար կամ նպատակ էր արծարծվում: Իսկ հասարակական ելույթները անիմաստ էին համարվում, որովհետև անձնական հավակնություն չէին պարունակում: Մշակութային երևույթներին անտարբեր էր, դրանք համարում էր անպիտան, ուշադրության անարժան: Մշակութային գործիչներից՝ գրողներից, երգիչներից, նկարիչներից զզվանք էր զգում, ինչը ժամանակի ընթացքում վերածվել էր համընդհանուր անտարբերության մշակույթի նկատմամբ:
Այնուհետև անտարբեր դարձավ փողի նկատմամբ: Փողը համարում էր կեղտ, չարիք: Չէր մտածում փողի մասին, այլ այն օրվա, երբ փողը կվերանա: Հետո անտարբեր դարձավ աշխատանքի, ինչ-որ գործ անելու նկատմամբ, քանի որ եթե փողն անիմաստ էր, ապա աշխատելն ընդհանրապես անիմաստ էր:
Այնուհետև մարդն անտարբեր դարձավ հասարակական կարծիքի նկատմամբ: Մեղմ ասած՝ թքած ուներ դրա վրա: Անիմաստ էր համարում քաղաքական, հասարակական, սոցիալական խնդիրները, դրանք համարում էր անիրական, սուտ, կեղծ: Հետո հասարակության ու պետության գոյությունը համարեց անիմաստ, առավել ևս՝ անկախության մասին խոսքերն ու մտահոգությունները: Ժողովրդի ազատությունը համարեց անիմաստ, քանի որ եթե պետության գոյությունն անիմաստ է, ապա ժողովրդի գոյությունն ինքնին անիմաստ է:
Այնուհետև մարդն անտարբեր դարձավ աշխարհի, այլ երկրների, ժողովուրդների գոյության նկատմամբ: Համարեց, որ աշխարհակարգ և աշխարհի կանոններ չկան: Ուստի դրանց մասին մտածելն ու խոսելն, առավել ևս՝ դրանք հաշվի առնելն անիմաստ է: Պատերազմը, միջազգային հարաբերությունները համարեց անիմաստ: Եթե սեփական պետության ու ժողովրդի գոյություններն անիմաստ են, և հայրենիք գոյություն չունի, ապա այլ երկրների, ժողովուրդների գոյությունը ևս անիմաստ է:
Դրանից հետո մարդն անիմաստ համարեց տիեզերքի գոյությունը: Արևի գոյությունը անիմաստ համարեց, որովհետև կա էլեկտրական լույս, էլեկտրական կամ գազի վառարան: Աստղերի, մանավանդ՝ անվերջ պտտվող մոլորակների գոյությունը ոչ միայն անիմաստ համարեց, այլև ավելորդ թիթիզություն:
Ժամանակի ընթացքում աբսուրդը տարածվեց սեփական գոյության վրա, այն ևս գնահատվեց անիմաստ: Մարդը կորցրեց հետաքրքրությունը կյանքի նկատմամբ: Կյանքը համարեց անիմաստ և դադարեց ապրել: Դրանից հետո մարդը կորցրեց սերը, չնայած նրան ամբողջ ժամանակ թվում էր, թե սերը կորցրել էր ամենասկզբում:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
8605 դիտում
17:15 20-03-2014
Մի հիմար քարը գցեց ջրհորը, 100 խելոք չկարողացան հանել. ֆոտոռեպորտաժ
2345 դիտում
11:33 21-04-2014
Երիտասարդը հսկա քարը նետում է ընթացող մեքենայի դիմապակուն. տեսանյութ
2866 դիտում
19:20 19-09-2014
Բեռնատարի միջից ընկած քարը կոտրում է ընթացող մեքենայի դիմապակին. տեսանյութ
Այս բաժնից
496 դիտում
17:29 01-11-2024
Փաշինյանը կարևորել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացումը
460 դիտում
16:55 01-11-2024
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության նոր վկայականների տրամադրման գործընթացը