211652_close_icon
views-count1357 դիտում article-date 20:27 28-03-2014

Մարզերում առաջիկայում կմեկնարկեն հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման աշխատանքները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: ՀՀ կառավարության մարտի 19-ի նիստում ընդունված որոշմամբ շուրջ 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին` համայնքներում հրատապ խնդիրների լուծման նպատակով: Այս ծրագրով եւս, ինչպես նախորդ չորս հրատապ ծրագրերով, հիմնականում կիրականացվեն դպրոցաշինության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, ջրամատակարարման եւ համայնքներում հրատապ նշանակություն ունեցող այլ աշխատանքներ: Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց սկսել նախապատրաստական աշխատանքների իրականացումը` նախատեսված ծրագրերը ժամանակին կատարելու եւ ավարտելու համար: Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց նաեւ ՀՀ կառավարության մարտի 27-ի նիստում ընդունված որոշումների մասին, որոնք վերաբերում են փոխադրամիջոցների գույքահարկին: Ընդունված որոշումներով սահմանվել են փոխադրամիջոցների համար գույքահարկի պարտավորություն չունենալու վերաբերյալ առցանց ռեժիմով տեղեկանքի տրամադրման ձեւը եւ ժամկետը: Նա հույս հայտնեց, որ որոշումների կիրառումը հնարավորինս կնվազեցնի փոխադրամիջոցների գույքահարկի գծով հավաքվելիք գումարների կորուստը, ինչպես նաեւ կկանոնակարգի գումարների պլանավորման եւ հավաքման գործընթացը: Խորհրդակցության ընթացքում տեղեկություններ ներկայացվեցին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի, մասնավորապես, հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուի բաշխման ընթացքի մասին: Փոխվարչապետն առաջարկեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցաբար աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի հատկապես դիզվառելիքի եւ պարարտանյութի բաշխումն իրականացվի ժամանակին եւ առաջնահերթ կերպով այն մարզերում, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի վաղ են մեկնարկում : Անդրադարձ եղավ նաեւ հակակարկտային միջոցառումների իրականացման ընթացքին: Նշվեց, որ Արմավիրի մարզում արդեն 50 կայանք տեղադրվել է, առաջիկայում նոր կայանքներ կտեղադրվեն նաեւ Արագածոտնի, Արարատի, Լոռիի մարզերում: Փոխվարչապետը մարզպետների ուշադրությունը հրավիրեց նաեւ առաջիկա օրերին եղանակային կտրուկ փոփոխությունների հետեւանքով հնարավոր ցրտահարությունների խնդրին եւ առաջարկեց համապատասխան աջակցություն ցուցաբերել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող խորհրդատվական աշխատանքներին: Խորհրդակցության ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ քննարկվեցին համահայկական որոշ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր : Նախարարը մարզպետներին մանրամասներ ներկայացրեց "Արի տուն" ծրագրի եւ "Իմ Հայաստան" համահայկական փառատոնի վերաբերյալ` նշելով, որ այս տարի եւս ակնկալվում է մարզերի աջակցությունը ծրագրերի իրականացմանը, ինչպես նաեւ մարզային խմբերի մասնակցությունը "Իմ Հայաստան" փառատոնին: Քննարկվեցին նաեւ սիրիահայերի աջակցության հետ կապված հարցեր: Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մայիսյան տոների կապակցությամբ մարզերում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հարցերին:

Նմանատիպ նյութեր