211652_close_icon
views-count1689 դիտում article-date 17:31 14-09-2016

«Կանաչ քաղաք» ծրագրի իրագործման նպատակով առաջիկայում կմեկնարկեն գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի մշակման և դրա իրագործելիության հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ծրագրի խորհրդատու ճանաչված միջազգային «Էրնստ ընդ Յանգ» կազմակերպության ներկայացուցիչներ: Ընդգծելով «Կանաչ քաղաք» ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և «Կանաչ քաղաք» ծրագրի իրագործմանն աջակցելու բանկի պատրաստակամությունը: Անդրադառնալով բուն ծրագրին և դրա կարևորությանը քաղաքային տնտեսության մեջ՝ քաղաքապետի տեղակալը նկատել է. «Երևան քաղաքի բնակչության թվի շարունակական աճի պարագայում քաղաքի համար այսօր էական նշանակություն ունի քաղաքացի-շրջակա միջավայր հավասարակշռության ապահովումը: «Կանաչ քաղաք» ծրագրի մշակումը մեզ համար արդիական է և կարևորված: Մենք ակնկալում ենք բնապահպանական զգալի դրական ազդեցություն, արտանետումների ծավալների նվազեցում և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործում: Երևանի քաղաքապետարանն իր հերթին պատրաստ է հնարավորին աջակցելու ծրագրի մշակմանը, որպեսզի այն լինի իսկապես իրագործելի», - հատկանշել է Վահե Նիկոյանը: ՎԶԵԲ ներկայացուցիչ Լին Օտրեդին, ներկայացնելով ծրագիրն ու այն իրագործելու հարցում բանկի հետաքրքրվածությունը, իր հերթին նշել է, որ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունը կունենան ոչ միայն մայրաքաղաք Երևանի, այլև հանրապետության ու նաև տարածաշրջանի համար:

Նմանատիպ նյութեր