211652_close_icon
views-count1459 դիտում article-date 15:42 01-04-2014

ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Գրական Սփյուռք 2013» տարեգրքի և «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը» հետազոտության շնորհանդեսը

Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Գրական Սփյուռք 2013» տարեգրքի և «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը» հետազոտության շնորհանդեսը: Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի հետ համատեղ պատրաստված թվով 4-րդ «Գրական Սփյուռք» տարեգիրքը՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը բարձր գնահատեց տարեգրքում տեղ գտած հեղինակների ընտրությունը: «Չնայած համացանցի շնորհիվ ստեղծված շփման լայն հնարավորություններին՝ հայաստանյան ընթերցողը քիչ բան գիտե Սփյուռքում ստեղծագործող հեղինակների մասին և նույնն էլ հակառակը՝ Սփյուռքում լավատեղյակ չեն հայրենի գրողների ստեղծագործություններից», -նշեց նախարարի տեղակալը: Պարոն Սրապիոնյանը շնորհակալություն հայտնեց Գրականության ինստիտուտին և գրքի խմբագրական կազմին՝ գրական Սփյուռքի հետ հաղորդակցման թերևս միակ աղբյուրը՝ «Գրական Սփյուռք» տարեգրքը որակյալ և բովանդակապես հարուստ կազմելու համար: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ տարեգիրքը կազմելու գործը ինստիտուտին վստահելու համար՝ Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը նշեց, որ գրքում ներառված են աշխարհասփյուռ 15 հայ գրողի բանաստեղծություններ, արձակ երկեր, մեկ թատերգություն և գրականագիտական հոդվածներ սփյուռքահայ հեղինակների և Սփյուռքի գրականության մասին: Պարոն Իսահակյանն առաջարկեց 2015 թվականին հրատարակվելիք տարեգիրքը նվիրել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին և գրքում ներառել միայն Ցեղասպանությանը նվիրված ստեղծագործություններ: «Գրական Սփյուռք» տարեգրքի խմբագիր Արմեն Ավանեսյանն առաջարկեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող Սփյուռքահայ գրողների համաժողովներին հրավիրել նաև տարեգրքի խմբագրակազմից՝ մասնակից գրողների հետ անմիջական և անհրաժեշտ շփումներ հաստատելու նպատակով: Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը ներկայացրեց երկրորդ գիրքը՝ ՀՀ սփյուռքի նախարարության և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ համատեղ ստեղծված «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը» հետազոտությունը: «Այն նվիրված է Սփյուռքի գիտավերլուծական ներուժի բացահայտմանն ու գնահատմանը», - նշեց պարոն Սրապիոնյանը՝ հավելելով, որ գիրքը կազմվել է խնամքով և խմբագրակազմը կարողացել է ժամանակին կատարել աշխատանքը: Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը Սփյուռքի գիտական ներուժի բացահայտմանն ուղղված հետազոտական աշխատանքները հիմնադրամին վստահելու և թվով 13-րդ հետազոտությունը պատվիրելու համար՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հայագիտական կենտրոնի ղեկավար, թուրքագետ Արիստակես Սիմավորյանը նշեց, որ փորձ է արվել վերհանել արտերկրի ակադեմիական կառույցներում աշխատող հայկական մտավոր ռեսուրսները, ձևավորվել է գիտավերլուծական աշխատանքով զբաղվող սփյուռքահայ մասնագետների տվյալների շտեմարան: Հետազոտության առանցքային խնդիրներից մեկը սփյուռքահայ մտավոր ներուժի ուղղորդումն է ազգային խնդիրների լուծմանը:

Նմանատիպ նյութեր