211652_close_icon
views-count1253 դիտում article-date 21:18 11-04-2014

Լիբանանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Ապրիլի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հուշ երեկո՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ներկայացուցիչ, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը, Հայ Կաթողիկե Պատրիարք կաթողիկոսի ներկայացուցիչ, Զմմառի վանքի մեծավոր, գերապայծառ Գաբրիել Մուրադյանը, Լիբանանի էներգետիկայի և ջրի նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի անդամները, հյուրեր Քուվեյթից և Հայաստանից: Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանն իր խոսքում նշեց. «99 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետևանքները չեն վերացվել: Մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ: Ժխտումը ցեղասպանության շարունակություն է և պետք է խստիվ դատապարտվի մարդկության կողմից: 99 տարի է, ինչ աշխարհասփյուռ հայությունը և ողջ միջազգային հանրությունը սպասում է, որպեսզի Թուրքիան պատմական փաստերը խեղաթյուրելու և ժխտողական քաղաքականություն վարելու փոխարեն վերջապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Դեսպան Քոչարյանը շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին և կազմակերպություններին, մասնավորապես՝ Լիբանանի խորհրդարանին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանոթյունը: Անդրադառնալով Քեսաբի դեպքերին՝ ՀՀ դեսպանը նշեց, որ միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծի իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար: Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100‑ամյակի Կենտրոնական մարմնի անունից հանդես եկավ Ռաֆայել Ումուդյանը, ով բարձր գնահատեց արդյունավետ գործունեությունը և սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Իր ելույթում նա կարևորեց համակարգված աշխատանքը, ջանքերի համախմբումը՝ ցեղասպանության միջազգային ճանաչման, որպես պատմական ճշմարտության վերականգնման, համընդհանուր դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ: Հուշ երեկոյին ելույթներ ունեցան նաև Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի ներկայացուցիչ Հասան Մխայբերը և Լիբանանում Վատիկանի ներկայացուցիչ, Ն.Գ. նվիրակ Գաբրիելա Կաչիան, որոնք, կիսելով հայ ժողովրդի ցավը և անդրադառնալով 20-րդ դարի ոճրագործություններին, հույս հայտնեցին, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայի՝ կանխելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին փաստավավերագրական ֆիլմեր, տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ:

Նմանատիպ նյութեր