211652_close_icon
views-count1015 դիտում article-date 18:14 18-04-2014

Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը

ՀՀ կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին: Ողջունելով հյուրին՝ Ա. Աշոտյանը կարևորել է հայ-ռումինական կրթական հարաբերությունները՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրներն ունեն հաջողված համագործակցության փորձ: Մասնավորապես, Ա. Աշոտյանն ընդգծել է միջպետական ծրագրերի ու Բոլոնիայի գործընթացի շրջանակում ծավալված համագործակցությունը՝ նշելով, որ 2012թ-ին Բոլոնիայի քարտուղարությունը Երևանին փոխանցվել է Բուխարեստից: Ա. Աշոտյանի խոսքով՝ հայկական կողմի համար օգտակար է եղել Ռումինիայի կուտակած փորձը: «Այս համագործակցության ընթացքում հայկական և ռումինական կողմերի միջև գործընկերային շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, որը կարող է ամուր հիմք հանդիսանալ հետագա համագործակցության ավելի բարձր նշաձող սահմանելու համար»,- նշել է Ա. Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ Բոլոնիայի երևանյան նախարարական գագաթաժողովը նախատեսված է 2015 թվականին: ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարը երկկողմ կրթական կապերի ամրապնդման համատեքստում կարևորել է Ռումինիայում հայկական համայնքի գոյությունը, և գոհունակությամբ նշել, որ ռումինական կողմի աջակցությամբ Բուխարեստի համալսարանում վերաբացվել է հայերենի ուսուցման կենտրոնը: Ա. Աշոտյանն առաջարկել է նաև հետագա համագործակցության շրջանակում համատեղ գիտակրթական ծրագիր իրականացնել: Կարևորելով հատկապես կրթության ու մշակույթի գերակայությունը երկու երկրների հարաբերություններում՝ դեսպան Վասիլեն ընդգծել է ավելի քան 800 տարվա պատմություն ունեցող Ռումինիայի հայկական համայնքի գոյության փաստը: Դեսպանը շեշտել է, որ պատրաստ է աջակցել հայկական կողմի բոլոր նախաձեռնություններին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի իրականացման, միջբուհական և ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:

Նմանատիպ նյութեր