211652_close_icon
views-count5879 դիտում article-date 23:32 22-04-2014

Երիտասարդ վարորդը Տավուշի մարզի Պառավաքար գյուղում վրաերթի է ենթարկել 73-ամյա ծերունուն. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 22-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Աշոտ Ղազախյանը իր կողմից վարած ՎԱԶ 2101 մակնիշի 67 ՏՕ 032 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 73-ամյա Վանիկ Զոհրաբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Կարեն Մատինյանի և դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ Տավուշի ոստիկանապետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Արտակ Մամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով վրաերթ կատարածը նոր է զորացրվել, իսկ վրաերթի ենթարկվածի տղան աշխատում է ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և կոչումով ոստիկանության մայոր է:

Նմանատիպ նյութեր