211652_close_icon
views-count1611 դիտում article-date 20:11 25-04-2014

Գործադիրը հավանություն է տվել ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականին Կառավարության նիստում

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը: Կառավարության քննարկմանը ներկայացվեց ԼՂՀ 2013թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, նախ` մեջբերեց մակրոտնտեսական մի քանի կարևոր ցուցանիշներ. 2013 թվականին տնտեսական աճը հանրապետությունում կազմել է 9.3%: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 44.3 մլրդ դրամ` 2012 թվականի համեմատ աճելով 10 %-ով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը, 2012 թվականի համեմատ ապահովելով 9.2%-ի աճ, հասել է է 55.2 մլրդ դրամի: Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացվել են 45.2 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 18.1 %-ով: Հանրապետության արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2013 թվականին կազմել է 328.5 մլն ԱՄՆ դոլար. 2012 թվականի համեմատ ներմուծման ծավալները նվազել են 7.7 , իսկ արտահանման ծավալները աճել են 3.2 %-ով: Ըստ Ս. Թևոսյանի տեղեկատվության` ամբողջովին տրամադրվել է միջպետական վարկը` մոտ 39 մլրդ դրամ: Սեփական եկամուտները կազմել են մոտ 27մլրդ 919 մլն դրամ` նախատեսվածի 88,6 տոկոսը, իսկ ծախսերը` 69 մլրդ 600մլն դրամ, դեֆիցիտը կազմել է մոտ 2մլրդ 500մլն դրամ: 2013 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտները 10.5 %-ով պակաս են ծրագրային մուտքերից: Վարչապետի պարզաբանմամբ` պլանային առաջադրանքի թերակատարումը պայմանավորված է հանքարդյունաբերության, ինչպես նաև քարածխի արդյունահանման ոլորտի հարկ վճարողների մասով պլանավորված գումարների չվճարմամբ, քանի որ Մաղավուզի քարածխի, Կաշենի և Կովսականի հանքերը չեն աշխատել նախատեսված հզորությամբ: Նշվեց, որ կառավարության 2013 թվականի սոցիալ-տնտեսական քաղաքականությունը նպատակաուղղված էր մակրոտնտեսական կայունության ապահովմանը, տնտեսական աճի բարձր տեմպերի պահպանմանը` զուգահեռաբար իրականացնելով զարգացմանն ուղղված բարեփոխումներ: Կառավարության հավանությանն արժանացած 2013թ. պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի ԱԺ: Փոփոխություններ և լրացումներ կատարվեցին կառավարության մի շարք որոշումներում, որոնցով կարգավորվում են աշխատանքի և սոցիալական ոլորտի տասնյակ հարցեր: Ընդունված որոշումներից մեկի համաձայն` մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար նպաստ ստանալու իրավունք է տրվում նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը ունի ԼՂՀ-ում մշտական հաշվառում, իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքերում ծառայող (բացառությամբ՝ շարքային և կրտսեր հրամանատարական կազմերի ժամկետային զինծառայողների) անձանց` անկախ ԼՂՀ մշտական հաշվառում ունենալու հանգամանքից: Սոցիալական քարտերի փոխարեն պետական նպաստ նշանակելու համար կներկայացվեն հանրային ծառայությունների համարանիշները: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում` նպատակ ունենալով պլանավորել ստուգումների կազմակերպման և իրականացման ընթացակարգերը, ներդնելով ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ: Գործադիրը սահմանեց 2014թ. Մայիսի 9-ի կապակցությամբ բնակչության առանձին խմբերին հատկացվող միանվագ դրամական օգնության չափերը. 50 հազարական դրամ կհատկացվեն Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցներին և ՀՄՊ-ում զոհվածների ընտանիքների անդամներին, իսկ ՀՄՊ հաշմանդամներին և մասնակիցներին հավասարեցված անձանց կտրվեն 25 հազարական դրամ: Նիստում սահմանվեց աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի նոր ցանկը, դրանց ներկայացման, հաշվառման և հաշվառումից հանելու կարգերն ու ժամկետները: Ուժը կորցրած է ճանաչվել վերոնշյալ հարցերը կարգավորող որոշումը, որը չէր բխում «Զբաղվածության մասին» ԼՂՀ օրենքի դրույթների պահանջներից: Նոր որոշման համաձայն` կստեղծվի աշխատանք փնտրող անձանց համար հաշվառման, կազմակերպման, համապատասխան փաստաթղթերի ներկայացման, ինչպես նաև հաշվառումից հանելու գործընթացների կազմակերպման հիմք և կիրականացվի նոր հաշվառում: Նույն օրենքի պահանջներից ելնելով` կառավարությունը սահմանեց սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը, գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող` աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը և հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները: Կառավարության ղեկավարը աշխատաշուկայում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարականներ տվեց: Գործադիրի կողմից սահմանվեցին 2014թ. համար էլեկտրական էներգիայի ու բնական գազի հաղորդման (փոխադրման) և բաշխման ցանցերում նորմատիվային (բնական) կորուստների առավելագույն չափերը: Էլեկտրաէներգիայի համար այն սահմանվեց տարեկան 15,73 տոկոս, իսկ բնական գազի համար` 5, 42 տոկոս կորուստ: Այս դեպքում մատակարար ընկերությունների համար անխուսափելի կորուստների հետ կապված լրացուցիչ ծախսեր կատարելու անհրաժեշտություն չի լինի: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում Ավտոմոբիլային տրանսպորտի մասին, Տրանսպորտի մասին ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին, Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Պետական տուրքի մասին ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին, Լիցենզավորման մասին ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և Արտոնագրային վճարների մասին ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԼՂՀ օրենքներում, որոնք նիստին ներկայացվեցին մեկ փաթեթով: Մի շարք փոփոխությունների հետ առաջարկվում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ կազմակերպելու հնարավորություն ընձեռել նաև ֆիզիկական անձանց: Վարչապետը շահագրգիռ մարմինների ուշադրությունը սևեռեց ուղևորափոխադրումային ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես շրջկենտրոնների և մայրաքաղաքի հետ բնակավայրերի կապը ապահովելուն: Ա. Հարությունյանը արտադրական ենթակառուցվածքների նախարարին հանձնարարեց շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկումներ կազմակերպել և հանդես գալ խնդրի լուծման վերաբերյալ առաջարկություններով: Գործադիրը մի շարք որոշումներով փոխեց մայրաքաղաքին և շրջանների առանձին համայնքներին պատկանող հողերի նպատակային նշանակությունը: Հողերի կատեգորիաների փոփոխության հետ կապված իր մտահոգությունը հայտնելով` Ա. Հարությունյանը նշեց, որ ինքը դեմ է ձկնաբուծության և հանգստի գոտիներ ստեղծելու նպատակով գետի հովիտներում հողեր տրամադրելուն, մանավանդ, որ շատ դեպքերում այդ տարածքները օգտագործվում են ոչ նպատակային, ջրային ռեսուրսները աղտոտվում են և օգտագործվում անխնայողաբար: Կառավարության ղեկավարը հանձնարարեց աշխատանքային խումբ ստեղծել` հանրապետությունում ձկնարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները և հանգստի գոտիները գույքագրելու համար` դրանց հետագա գործունեությունը վերանայելու նպատակով: Միաժամանակ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվեց սկսել և մինչև 2015 թվականը ավարտել Ստեփանակերտի քարտեզագրման աշխատանքները: Կառավարությունը հաստատեց պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի` 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի ներկայացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքներից պետական բյուջե մուտքագրվել է 12.9 մլն դրամ, որից 11 մլն փոխանցվել է պետական, իսկ մնացածը` համայնքային բյուջեներ: Նիստի ընթացքում վարչապետը կառավարության անդամներին տվեց հանձնարարականներ. մասնավորապես, քաղաքաշինության նախարարին հանձնարարվեց հանդիպել Շուշիում նոր պրոֆտեխուսումնարանի շենքը կառուցող շինարարական ընկերության պատասխանտուի հետ և պարզել բանվորների աշխատավարձերի ուշացման պատճառները: Վարչապետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում աշխատանքի պետական տեսչությունը ստուգումներ կիրականացնի այդ ընկերությունում:

Նմանատիպ նյութեր