211652_close_icon
views-count1357 դիտում article-date 21:41 26-04-2014

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի օծման արարողություններ` Թբիլիսիում, Ասպինձայի շրջանում և Նինոծմինդայում

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ԱՊՀ հայ համայնքների վարչության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանն ապրիլի 20-21-ը աշխատանքային այցով մեկնել էր Թբիլիսի, ապրիլի 22-ին Ասպինձայի շրջանի Դամալա գյուղ, ապրիլի 23-ին Նինոծմինդա՝ Հայոց Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված խաչքարերի օծման, բացման արարողություններին մասնակցելու նպատակով: Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարի տեղադրումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմը՝ պետերբուրգաբնակ Հրաչյա Պողոսյանի հովանավորությամբ: Խաչքարը Հայաստանում և Հին Ջուղայում ադրբեջանցի զինվորների կողմից ոչնչացված հազարավոր խաչքարներից մեկի օրինակով է պատրաստվել (վարպետ՝ Վարազդատ Համբարձումյան): Միջոցառումը շարունակվել է Թբիլիսիի «Քորթիարդ-Մարիոտ» հյուրանոցի դահլիճում, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ դասական երաժշտության համերգային ծրագրով հանդես է եկել Երեւանի «Զանգակներ» համույթը՝ գեղարվեստական ղեկավար Շահեն Քեշիշյանի գլխավորությամբ: Ապրիլի 22-ին Ջավախքի հայկական Դամալա գյուղում, Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ հայր Բաբգէն վրդ. Սալբիյանի ձեռամբ և տարածաշրջանում հոգևոր ծառայություն իրականացնող հայ քահանաների մասնակցությամբ կատարվել է Ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված Խաչքարի բացման արարողությունը: Խաչքարի բացմանը ներկա էին հյուրեր Հայաստանից, Ռուսաստանից և Վրաստանի տարբեր հայաշատ վայրերից: Ցեղասպանություն վերապրածների սերունդների շուրթերից հնչել են Սևակ, Կոմիտաս ու Չարենց: Ապրիլի 23-ին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ հայ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հայր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվել է հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցական ծեսից հետո ժողովուրդը շարժվել է դեպի մշակույթի պալատի հրապարակ, ուր տեղադրվել է ջավախեցի քանդակագործ Արամ Ղարսլյանի հեղինակած հուշարձանը՝ նվիրված Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին: Հուշարձանի բացման և օծման արարողությանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ախալքալաքի և Նինոծմինդայի վրացական թեմի առաջնորդ միտրոպոլիտ Նիկոլոզը, շրջանային վարչության և սակրեբուլոյի ղեկավարներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հյուրեր Երևանից, Թբիլիսիից, Ջավախքի տարբեր շրջաններից և գյուղերից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր