12901 դիտում
13:07 06-05-2014
Նոր մանրամասներ՝ երեկ պատգամավորի տան մոտ տեղի ունեցած վրաերթից. 7-ամյա երեխան հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ մայիսի 5-ին՝ Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վրաերթի ենթարկվածներից Անտառային փողոցի 118/2 տան բնակիչ, 58-ամյա Վարդանուշ Սիմոնյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, իսկ անչափահասներ՝ 5-ամյա Դավիթ Հարությունյանը և 7-ամյա Աննա Հարությունյանը՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ա. Հարությունյանը հիվանդանոցում մահացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան նշված հատվածում կայանած, սակայն այդ պահին ավտոմեքենայում չգտնվող Ն. Հարությունյանն աշխատում է «Իմ այգի» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-նախագծող:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 5-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Volkswagen Caddy մակնիշի 876 ԼՍ 63 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր Անտառային փողոցում՝ «Ամրոց» ռեստորանային համալիրի մոտ և հեռացել ավտոմեքենայից, իսկ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ էր ընթացել և Անտառային փողոց 122/7՝ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի տան մոտ վրաերթի ենթարկել այդ պահին փողոցում գտնվող 2 անչափահաս երեխայի և 1 մեծահասակ կնոջ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված հատվածում շինարարական աշխատանքներ կատարող մի քանի երիտասարդ տղաներ, ինչպես նաև պատգամավոր Հ. Հակոբյանը՝ իր տղայի հետ, ովքեր պատին սեղմված ավտոմեքենան հետ էին քաշել, որից հետո նոր կարողացել էին տատիկին ու 2 երեխաներին դուրս բերել մեքենայի մոտից: Երեխաներին հիվանդանոց էին տեղափոխել քաղաքացիները, քանի որ շտապօգնությունն, ըստ հավաքվածների, ուշանում էր և միայն որոշ ժամանակ հետո բարեհաճել էր, իսկ մեծահասակ կնոջը տեղափոխել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վրաերթի ենթարկված երեխաները՝ տղա և աղջիկ, հիվանդանոց տեղափոխված տատիկի թոռնիկներն են: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էր ներկայացել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Հարությունյանը և հայտնել, որ ավտոմեքենան ինքն է կայանել նշված հատվածում, ով աշխատում է Դավիթ Անհաղթ 4 հասցեում գրանցված «Յունիթուլզ» ՍՊԸ-ում: Քննիչի հարցին, թե ինքն ունի՞ վարորդական իրավունքի վկայական, պատասխանել էր, որ երբևիցե չի ունեցել: Երևանի ՃՈ աշխատակիցները նրան տեղափոխել էին բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+