211652_close_icon
views-count838 դիտում article-date 10:50 21-12-2024

Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 3-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից ազատված 32 վարորդից 25-ը աշխատանքի վերականգնման դիմում է գրել, որոնցից 11 վարորդ արդեն վերականգնվել է: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

««Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեկտեմբերի 13–ի դրությամբ աշխատում է 1,192 վարորդ։ ՓԲԸ-ում առկա է վարորդի 85 թափուր հաստիք»,–հայտնել է քաղաքապետարանը:

Ընդգծվում է, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` վարորդների բոլոր բարձրացված հարցերին լուծում տալու վերաբերյալ:

Հարցին, թե վարորդների արարքներին քրեաիրավական գնահատական տրվել է, քաղաքապետարանից չեն հայտնել, առաջարկելով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 3-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով աշխատակիցներ վաղ առավոտից հայտարարել էին գործադուլ և հրաժարվում էին դուրս գալ երթուղի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասել էին. «Տևական ժամանակ է՝ մեզ խաբված ենք զգում։ Ամեն անգամ քաղաքային իշխանությունները խոստանում էին, որ կվերանայեն մեր աշխատանքային պայմաններն ու աշխատավարձային քաղաքականությունը, այսինքն մեր աշխատավարձը կբարձրացնեն, «կանեցներում» կունենանք բարվոք պայմաններ։ Սակայն ոչ մի առաջընթաց չկա, էլ չենք ասում բազմաթիվ պրոբլեմների մասին, որոնց մասին տեղյակ են հենց քաղաքապետարանում։ Հիմա արդեն մեր համբերության բաժակը լցվել է, ինչքան կարելի է խաբել, խաբել, խաբել։  Քաղաքային իշխանությունը պետք է իմանա, որ չի կարող խաբելով համոզել մեզ, ասել դուրս եկեք գործի։  

Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ քայլին, քանի որ այդ տրանսպորտից օգտվում են նաև մեր հարազատները։ Մենք էլ ենք ուզում ժողովրդի համար լավ լինի, բայց նաև իշխանությունները պիտի մի քիչ մտածեմ մեր մասին։ Մի օր որ երթևեկեք, կտեսնեք՝ ամենավերջին բաներն են ասում, էն տեսակ անեծքներ են տալիս։

Դուք մի օր պիտի շրջեք ավտոբուսով ու կտեսնեք իրականում ինչ է կատարվում։ Հասնում ենք «կանեց», չենք կարողանում մեր բնականոն կարիքները հոգալ, ավտոբուսը տանում ենք մոյկա, ժամերով սպասում ենք, խցանումների պատճառով մի քիչ ուշանում ենք, մեզ են մեղադրում։ Էնքան բան կա ասելու, որ չեք պատկերացնի։ Երևանն սպասարկող 3 պարկերում էլ գործադուլ է, պահանջում ենք, որպեսզի մեր կողմից բարձրացված հարցերը լուծեն, հակառակ դեպքում առեք ձեր գդալն ու կերեք ձեր եփած բորշչը»։

Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր