211652_close_icon
views-count1157 դիտում article-date 17:25 08-05-2014

Բացի Արցախի ժողովրդից, ոչ ոք ի զորու չէ որոշելու Արցախի ճակատագիրը. Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մայիսի 8-ին հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական խնդիրներին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախի պատերազմի հաղթանակների նշանակությանը: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրի լուծմանը՝ Էդուարդ Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ, ինչպես ցանկացած կոնֆլիկտ, ադրբեջանա-ղարաբաղյան կոնֆլիկտը նույնպես պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով, եւ այս առումով Հայաստանը բարձր է գնահատում Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա բանակցային լիարժեք կողմ, քանի որ ոչ ոք, բացի Արցախի ժողովրդից, ի զորու չէ որոշելու Արցախի ճակատագիրը: Իսկ արցախցու խորին համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Էդուարդ Շարմազանովը խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին: Նա ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման որեւէ գործընթացում ցանկացած նախապայման Հայաստանի համար ընդունելի չէ, իսկ ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, դա անառարկելի փաստ է, հետեւաբար այդ փաստն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումը՝ անիմաստ: ԱԺ փոխնախագահը ուսանողներին շնորհավորեց Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ: Նա անդրադարձավ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող հաղթական իրադարձություններին, մասնավորապես Հայաստանի անկախությունն առավել արժեւորող արցախյան պատերազմի հաղթանակին, Շուշիի ազատագրմանը, նորանկախ հայկական բանակի կայացմանը: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ այդ հաջողություններին տեր լինելու, դրանք պաշտպանելու եւ զարգացնելու համար պետությունը, նրա բոլոր քաղաքացիները, յուրաքանչյուր հայ մարդ պետք է ունենա կայուն ու մրցունակ երկիր ստեղծելու ոչ միայն հստակ գիտակցում, այլեւ այդ գաղափարներն իրականացնելու կամք ու հետեւողականություն: Էդուարդ Շարմազանովը ազգային միասնականությամբ պայմանավորեց համազգային խնդիրների՝ երկրի հզորացման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ ազգային այլ նպատակների արդյունավետ իրականացումը: Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լուսանկարվեց ուսանողների հետ:

Նմանատիպ նյութեր