211652_close_icon
views-count1090 դիտում article-date 10:35 16-05-2014

ԵՊՀ-ում քննարկվել են ԲՈՒՀ-աշխատաշուկա կապի հիմնական խնդիրները

ԵՊՀ մեծ դահլիճում երեկ մեկնարկեց Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի (EURASHE) 24-րդ տարեկան համաժողովը, որը կրում է «Աշխատանքային շուկայի որակավորումները» խորագիրը: Հայաստանում համաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքները կազմակերպել և համակարգել են ՀՀ ԿԳ նախարարությունը, Երևանի պետական համալսարանը, Ռեկտորների խորհուրդը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն ու Բոլոնյան ամփոփման խմբի (Bologna Follow-Up Group) քարտուղարությունը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը և Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, հայաստանյան բուհերի ներկայացուցիչներ և ուրիշներ: Համաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ից, Բելգիայից, Կիպրոսից, Նիդեռլանդներից, Չեխիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Հունաստանից, Լիտվայից, Լատվիայից, Սլովենիայից ժամանած գիտնականներն ու հետազոտողները: Համաժողովը նախագահում էր Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ստեֆան Դելփլեսը, ով ողջունեց մասնակիցներին և համաժողովի մեկնարկի համար բացման խոսքը տվեց «EURASHE»-ի նախագահ, Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Անդրեաս Օրֆանիդեսին: «Չնայած Հայաստանը Եվրամիության անդամ չէ, սակայն այն բավականին ակտիվ երկիր է և Բոլոնյան գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունի: Ուրախ և հպարտ ենք, որ այս տարվա մեր համաժողովը հենց Հայաստանում ենք անցկացնում, քանի որ «EURASHE»-ն Ռեկտորների խորհրդի օգնությամբ արդեն հիմնավորված է այստեղ»,- ասաց Կիպրոսի եվրոպական համալսարանի ռեկտորը և հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին աջակցության և ներկա գտնվելու համար: Այնուհետև Անդրեաս Օրֆանիդեսը բարձրագույն կրթության ոլորտում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև համաժողովի կազմակերպման և անցկացման գործում աջակցություն ցուցաբերելու համար Հովիկ Աբրահամյանին հանձնեց Կիպրոսի եվրոպական համալսարանի պատվո հուշամեդալը: «Կարևորում եմ բարձրագույն կրթության եվրոպական տարածքում կրթական հարցերին նվիրված միջոցառման անցկացումը Հայաստանում, հատկապես, որ մենք միայն վերջերս ենք անդամակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցացիային: Այս միջոցառումը լավ հնարավորություն է բարձրագույն կրթական ոլորտում սերտացնելու մեր համագործակցությունը եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդմանը: ՀՀ Կառավարության ռազմավարական ծրագրերում առանցքային տեղ է հատկացվում գիտելիքահեն հասարակության կայացմանը: Դա մեծապես կարևորվում է երկրի բնական և ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պայմաններում: Գիտելիքների հիման վրա կառուցված տնտեսության վառ ապացույցը կարելի է գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների և նորագույն ինժեներիայի բնագավառներում, որոնք այսօր հանդիսանում են մեր երկրի տնտեսության՝ օտարերկյա լայնածավալ ներդրումներ ներգրավող, ամենաարագ զարգացող ճյուղերը»,- ասաց ՀՀ վարչապետը: Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, որ համաժողովի խորագիրը ենթադրում է, որ քննարկումների ընթացքում վեր կհանվեն բուհ-աշխատաշուկա և ուսանող-գործատու բևեռների համագործակցության ոլորտում առկա խնդիրները և կմշակվեն կողմերի մերձեցմանն ուղղված ծրագրեր: Ռեկտորների խորհրդի կողմից հանդես եկավ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ով նույնպես կարևորեց նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, ներկայացրեց «EURASHE»-ի հետ համագործակցության վերաբերյալ որոշ մանրամասներ, ինչպես նաև խոսեց Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման գործընթացում առկա խնդիրների մասին: Բացման խոսքով հանդես եկավ նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը: Համաժողովի առաջին զեկույցը Նիդեռլանդների Մասթրիխտ համալսարանի կրթության և աշխատաշուկայի հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Ջիմ Ալլենին էր, ով իր հետազոտության արդյունքների հիման վրա ներկայացրեց 21-րդ դարում բարձրագույն կրթական աստիճանները, դրանց զարգացման միտումներն ու մարտահրավերները: Այնուհետև համաժողովի աշխատանքները շարունակվեցին պլենար նիստերում, որտեղ քննարկվեցին ոլորտի այլ հիմնահարցեր: Գիտաժողովը կշարունակվի նաև վաղը:

Նմանատիպ նյութեր