211652_close_icon
views-count2526 դիտում article-date 18:50 16-05-2014

Կառավարությունն իր ողջ գործիքակազմով աջակցելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարներ՝ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Դիմելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը, և իր ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը: Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ՝ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռի նվազեցման ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով: «Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը: Կառավարության ղեկավարը վստահեցրել է ՓՄՁ ներկայացուցիչներին, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է նրանց հետ: Հանդիպման ընթացքում տնտեսվարողները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները, որոնց շուրջ ընթացել է անկաշկանդ քննարկում: ՓՄՁ-ների ներկայացուցիչները ողջունել են Հովիկ Աբրահամյանի կողմից ներկայացված մոտեցումները և շնորհակալություն հայտնել խնդիրներին հետևողական լինելու պատրաստակամության համար: Կողմերը պայմանավորվել են, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր