211652_close_icon
views-count1511 դիտում article-date 21:38 19-05-2014

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում Մոսկվայում կայացել է երկկողմ հանդիպում

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի շրջանակներում մայիսի 12-ին Մոսկվայում կայացավ հանդիպում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամների և Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի և այլ աշխատակիցների միջև, որին մասնակցում էր նաև ՌԴ վարչապետի օգնական Գենադի Օնիշչենկոն: Հանդիպման ընթացքում քննարկվեցին վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում ՀՀ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադզորի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի շրջանակներում համատեղ գործողությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների դեմ պայքարին աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում համագործակցության հարցեր, ՀՀ առողջապահության նախարարության անունից գնահատվեց ՌԴ-ի կողմից 2009-2013թթ. տրոպիկական հիվանդությունների և պոլիոմիելիտի դեմ պայքարում ցուցաբերված օգնությունը: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արման Բաբլոյանը Հայաստանի կառավարության և առողջապահության նախարարության անունից շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, Ռոսպոտրեբնադզորին այն անգնահատելի օգնության համար, որը տրամադրվում է Հայաստանին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի Ռուսաստանի աջակցության ծրագրերի շրջանակներում, ապա նշեց, որ 1995 թվականից ի վեր Հայաստանում պոլիոմիելիտի որևէ դեպք չի արձանագրվել: 2002 թվականից Հայաստանը հայտարարվել է պոլիոմիելիտից զերծ երկիր և մինչ օրս պահպանում է այդ կարգավիճակը: Դրանում իր ներդրումն ունի նաև ՌԴ կառավարությունը՝ ՀՀ առողջապահության նախարարության և Ռոսպոտրեբնադ-զորի միջև համագործակցության վերաբերյալ հուշագրի շրջանակներում տրամադրվող աջակցությամբ: Մասնավորապես նյութատեխնիկական օգնություն է ցուցաբերվել հանրապետության տարածքում պոլիոմիելիտի ախտորոշում իրականացնող լաբորատորիաներին և պատրաստվել են համապատասխան կադրեր: Նա նաև առաջարկեց դիտարկել նորակոչիկների համար (5000 դոզա), որպես օգնություն, հեպատիտ A-ի դեմ պատվաստանյութի տրամադրման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում ՁԻԱՀ-ի ԿՀԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ-ում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակներում արդեն իսկ կատարված աշխատանքները և արդյունքները: Այնուհետև հայկական կողմը վերահաստատեց 2 մարզային լաբորատորիաների համար ԻՖԱ մեթոդով հետազոտությունների անցկացման համար նախատեսված սարքավորումների, ռեֆերենս լաբորատորիայի որակի արտաքին հսկման համար թեստ-հավաքածուների, լաբորատորիայի համալիր ավտոմատացման ծրագրային ապահովման փաթեթի գնման և Ռոսպոտրեբնադզորի կողմից մատակարարման ՀՀ առողջապահության նախարարության խնդրանքը: Քննարկվեցին նաև իմունային կարգավիճակի որոշման լաբորատոր կոմպլեկտի, թեստ-հավաքածուների և ծախսանյութերի մատակարարման, նաև Մոսկվայում լաբորատոր մասնագետների վերապատրաստման ժամկետների հարցերը: Ռուսական կողմը խոստացավ մանրամասն քննարկել և հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել: Հանդիպման մասնակիցները քննարկեցին նաև մինչև 2015 թվականը ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում կարմրուկի հաղթահարմանն ուղղված համատեղ քայլերը: 2014-2015 թվականներին Ռոսպոտրեբնադզորը կաջակցի համագործակցող երկրներին, այդ թվում Հայաստանին՝ անհատույց տրամադրելով լաբորատոր սարքավորումներ կարմրուկի ախտորոշում իրականացնող լաբորատորիաներին և վերապատրաստելով համապատասխան մասնագետներ: Հանդիպման ավարտին մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու երկկողմ համագործակցությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վիրուսային հեպատիտներին հակազդման գործում:

Նմանատիպ նյութեր