211652_close_icon
views-count1432 դիտում article-date 21:48 26-05-2014

Բացվեց ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը

Մայիսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության հովանավորությամբ բացվեց ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի մետաղյա-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարության լրատվական բաժնից: Մայքլ Արամի գործունեության 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը գործելու է մայիսի 26-28-ը: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Շնորհավորելով արվեստագետին ցուցահանդեսի բացման առիթով, նախարաը մասնավորապես նշեց. «Շնորհավորում եմ Մայքլի առաջին այցը հայրենիք, որը նշանավորվում է նրա ստեղծագործության 25 ամյակին նվիրված այս գեղեցիկ ցուցահանդեսով: Մետաղը դիզայներական նոր որակի հասցնելով՝ Մայքլը հայ մարդու անունն ու գործը ներկայացնում է աշխարհին: Նրա ստեղծած «Նուռը» տեսնելով՝ պատկերացում է ստանում հայկական որակների ու հայկականության մասին: Օգտվելով առիթից՝ ուզում եմ Մայքլին պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության հուշամեդալով և նվիրել «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» ալբոմը» : Ելույթ ունեցան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը, ԱՄՆ Գլենդել քաղաքի ոսկեղենի և նվերների «Le Papillon» խանութի տնօրեն Նազ Աթիկյանը և այլք: Մայքլ Արամի աշխատանքները՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում են աշխարհի տարբեր ցուցասրահներում և 600-ից ավելի մասնագիտացված խանութներում: Միացյալ Նահանգներում ծնված եւ ապրած, բայց ազգային արժեքներին հավատարիմ արվեստագետի աշխատանքներում հաճախ կարելի է նկատել հայկական խորհրդանիշներով նմուշներ: Հատկապես տպավորիչ են նռնով, խնձորով, թիթեռներով, արևածաղիկներով հավաքածուները: Նրա բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է «Ellis Island» շքանշանը, որը ստացել է 2011 թ. Ամերիկայի մշակույթում ունեցած նշանակալի ավանդի համար: Մայքլ Արամը զբաղվում է նաև բարեգործությամբ. նա Հայկական մանկական ֆոնդի եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ է:

Նմանատիպ նյութեր