211652_close_icon
views-count1715 դիտում article-date 12:53 27-05-2014

Հովիկ Աբրահամյանն ընդունել է անվանի դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ամերիկահայ աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամ Վոլոհոջյանին: Կառավարության ղեկավարը ողջունել է Մայքլ Արամի գործունեության 25-ամյակի կապակցությամբ այս օրերին Երևանում անցկացվող մետաղային-դեկորատիվ աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպումը: «Գիտեմ, որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել արվեստասերների և հասարակության լայն շրջանակների մոտ: Ուրախ եմ, որ Ձեր ստեղծագործությունների հիմքում դնում եք հայ ժողովրդի ազգային մոտեցումներն ու այդպիսով բարձր պահում մեր ազգի պատիվը ողջ աշխարհում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը հորդորել է անվանի դիզայներին ոչ միայն հաճախակի այցելել Հայաստան, այլև հայրենիքում հիմնել դպրոց, արվեստանոց և ծավալել բիզնես գործունեություն: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել Մայքլ Արամին՝ նրա բոլոր նախաձեռնություններում: Հայազգի դիզայները շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ ջերմ ընդունելության, ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցելու, հնչեցված առաջարկների համար: Մայքլ Արամը սիրով պատրաստակամություն է հայտնել հետագա գործունեությունը շարունակել նաև հայրենիքում և հույս հայտնել, որ դա կնպաստի իր արվեստի տարածմանը հայրենակիցների շրջանում: Հանդիպման վերջում վարչապետը և Մայքլ Արամը միմյանց հուշանվերներ են հանձնել: *** Մայքլ Արամ Վոլոհոջյանի բարձրաճաշակ արտադրանքը՝ սպասքից մինչև կահույք, վաճառվում է աշխարհի տարբեր ցուցասրահներում և մասնագիտացված 600 խանութներում: Անվանի դիզայների բազմաթիվ հեղինակավոր մրցանակներից է Eellis Island շքանշանը, որը նա ստացել է 2011 թվականին՝ ԱՄՆ-ի մշակույթում ունցած նշանակալի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր