211652_close_icon
views-count2107 դիտում article-date 21:18 29-05-2014

Զինվորական բժիշկները կմիավորվեն մեկ կառույցում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մասնակցեց «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդրանիկ ժողովին: Նորաստեղծ կառույցի նպատակն է արդիականացնել և զարգացնել ռազմական առողջապահությունը: «Հարգելի պարոնայք, գեներալներ, սպաներ, հարգելի գործընկներ, այսօր հիշարժան և կարևոր օր է բժշկական հասարակության համար: Ստեղծվում է մի նոր, նեղ մասնագիտացում ունեցող կառույց, որը կոչված է զարգացնելու ռազմական բժշկությունը»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նրա գնահատմամբ` նախաձեռնող խմբի երկարատև աշխատանքի շնորհիվ ստեղծվել է մի նոր բժշկական-հասարակական կառույց, որի գործունեության ոլորտներն ու նպատակները խիստ կարևոր և արդիական են հայկական առողջապահական համակարգի, հատկապես ռազմական բժշկության համար: Արցախյան հերոսամարտի հաղթական ավարտից հետո անցել է մոտ 20 տարի, նախարարի խոսքով` հրադադարից հետո էլ երկրի պաշտպանունակության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները եղել են և կլինեն Հայաստանի Հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: «Ռազմական բժշկությունը մեծ վերելք է ապրել և այսօր այն կայացած ծառայություն է մեր երկրում»,- ընդգծեց առողջապահության նախարարը: Նրա գնահատմամբ` անցած պատերազմը մեկ անգամ ևս վերհանեց այն կարևոր մարտական, բարոյական և մարդասիրական խնդիրները, որոնք դրված են երկրի առողջապահական համակարգի և հատկապես ռազմական բժշկության առջև: Արմեն Մուրադյանը նշեց, որ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործունեությունը կխթանի նաև ռազմական բժշկության գիտական կողմի զարգացումը և հնարավորություն կընձեռի ոլորտի ներկայացուցիչներին գիտության մեջ ժամանակին համընթաց քայլելու: Նա հավաստիացրեց, որ ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում երկրի պաշտպանունակությանն ուղղված միջոցառումների կատարումը, հատկապես` համագործակցությանը ՀՀ պաշտպանության նախարարության ու ռազմաբժշկական վարչության հետ: Ելույթի ավարտին նախարարն արդյունավետ աշխատանք մաղթելով կառույցին` վստահեցրեց, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը կաջակցի հասարակական կազմակերպությանն ամեն նոր ու առաջավոր ձեռնարկների իրականացմանը: Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանը, զինվորականներ, հասարակական գործիչներ: Նորաստեղծ հասարակական կազմակերպությունը ղեկավարելու է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը: «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական ոչ առևտրային կազմակերպությունը, մասնակիցների կարծիքով, կնպաստի հասարակության մեջ ռազմական բժիշկների դերի արժևորմանը, նոր մոտեցումների քննարկմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանը:

Նմանատիպ նյութեր