1727 դիտում
22:07 29-05-2014
Առողջապահության նախարարը պատրաստակամ է մասնակցելու ասոցիացիայի նիստերին
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի, ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շեշտեց, որ առողջապահության ոլորտի ամենահրատապ խնդիրներից մեկը բուժօգնության որակի և առաջին հերթին` անվտանգության ապահովումն է։ Այս ենթատեքստում առաջնային կարևորություն տրվեց մարզերում մասնագետների պակասը լրացնելու, վերակենդանացման ծառայությունները բարելավելու խնդրին։
ՀՀ անեսթեզիոլոգների և ռեաբիտոլոգների ասոցիացիայի նախագահ, ԱՆ գլխավոր մասնագետ Անատոլի Գնունին նշեց, որ անեսթեզիոլոգների պակաս կա նաև Երևանում։ Նա առաջարկեց մինչ խնդրի համակարգային լուծումն ուժեղացնել մայրաքաղաքի բուժհաստատությունների կապը մարզային հիվանդանոցների հետ` հնարավորինս կիրառելով նաև առկա հեռուստակապը։
Նախարարին ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները` մասնագետները հանդես եկան տարբեր առաջարկություններով։
«Անեսթեզիոլոգների պակասը հատկապես մարզերում օրախնդիր է, ես կասեի` վտանգներով հղի։ Հասկանալի է, որ միանգամից հնարավոր չէ լուծել այն։ Մենք պարտավոր ենք ապահովել հիվանդի անվտանգությունը և համատեղ ջանքերով մի կողմից այժմ ապահովել անվտանգությունը, մյուս կողմից` ծրագրային աշխատանքներ տանել հետագայում կարևոր այս խնդրին համակարգված լուծում տալու նպատակով։ Ես ակնկալում եմ ձեր աջակցությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։ Նա առաջարկեց խնդիրը հանգամանալից քննարկել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայում և հանդես գալ կառուցողական առաջարկներով։
Կարևորելով ծառայության բարելավումն ու մասնագետներով ապահովվածությունը` նախարարը պատրաստակամություն հայտնեց մասնացել ՀՀ անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների ասոցիացիայի նիստերին խնդիրը միասին համակողմանի քննարկելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1704 դիտում
10:11 27-06-2019
Նոր փոփոխություն. ԱԺ նախագահը իրավունք կունենա մասնակցելու ԱԽ նիստերին. «Ժողովուրդ»
3218 դիտում
10:41 29-08-2019
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է քննիչ հանձնաժողովի նիստերին մասնակցելու առաջարկը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
751 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1507 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա