211652_close_icon
views-count1868 դիտում article-date 18:43 30-05-2014

ԱԺ փոխնախագահը հանդիպել է ՀՊՄՀ մի խումբ ուսանողների հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 30-ին հանդիպեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների հետ: ԱԺ փոխնախագահը պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական առաջնահերթություններին, տարածաշրջանային զարգացումներին ու անվտանգության խնդիրներին: Էդուարդ Շարմազանովը խոսեց ԼՂ հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու, հարեւան երկրների հետ խաղաղ գոյակցության, Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի դիրքորոշման մասին: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներից մեկը, ինչը ոչ միայն պատմական ճշմարտությունը վերականգնելու, այլեւ հնարավոր նման ոճրագործությունները կանխելու նպատակ ունի: Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահի քայլը Էդուարդ Շարմազանովը գնահատեց խիզախ եւ արդարացված, ինչը բխում է մեր երկրի ազգային ու պետական շահերից: Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմանը եւ մինչեւ հունիսի 15-ը պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հավանության է արժանացել կարճ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, եւ այդ քայլը պայմանավորված է մեր երկրի տնտեսական շահերով: Ինչ վերաբերում է Արցախի հիմնախնդրին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է, եւ Հայաստանի որեւէ քայլ չի կարող հակասել Արցախի շահերին: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մեկ միասնական տնտեսական տարածք են: Ուսանողների խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները՝ համոզմունք հայտնելով, որ երկրի կայուն զարգացումն ու ազգային իղձերի արդյունավետ իրականացումը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ, յուրաքանչուր հայ մարդու՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու հստակ գիտակցությամբ ու նվիրումով:

Նմանատիպ նյութեր