211652_close_icon
views-count1498 դիտում article-date 17:29 19-11-2015

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հանդիպել է Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ` բուհի ռեկտոր Մանուշ Մինասյանի գլխավորությամբ: Շնորհավորելով ուսանողներին՝ նրանց միջազգային օրվա կապակցությամբ՝ Ա. Հարությունյանը մաղթել է հաջողություններ ուսման մեջ և կյանքում: Վարչապետը հորդորել է երիտասարդներին լինել առավել ակտիվ ու համարձակ, որովհետև հենց իրենք են հասարակության շարժիչ ուժը և հայրենիքի ապագան կերտողները: Կառավարության ղեկավարն ուսանողներին է ներկայացրել օրերս գործադիր մարմնի հավանությանն արժանացած՝ 2016թ. պետբյուջեի օրենքի նախագծի կարևոր ուղղությունները և տնտեսության զարգացման գերակա ճյուղերը՝ նշելով, որ հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու հիդրոէներգետիկան շարունակում են մնալ ՀՆԱ-ի ձևավորման հիմքում: Ներկայացնելով վերջին տարիներին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները՝ Ա. Հարությունյանն ուսանողներին է ներկայացրել նաև, ըստ ոլորտների, տնտեսության զարգացման դինամիկան: Նա ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է բնակչության բարեկեցության ապահովման քաղաքականությունը: Վարչապետ Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ուսանողների տարաբնույթ հարցերի, անդրադարձել է կադրային քաղաքականության, հիփոթեքային արտոնյալ վարկավորման խնդիրներին, ինչպես նաև՝ տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող մի շարք ծրագրերի: Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բազմազբաղ առօրյայում ուսանողներին ժամանակ հատկացնելու համար և նշել, որ առաջին աղբյուրից ստացած տեղեկատվությունն օգտակար կլինի ապագա մասնագետների կայացման ճանապարհին: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր