211652_close_icon
views-count1692 դիտում article-date 12:35 07-06-2014

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը: Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման, առանց անհրաժեշտ կադրային բազայի: Այս առումով կարևորում եմ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որն ի սկզբանե կոչված էր նորանկախ Հայաստանի պետական կառավարման համակարգին անհրաժեշտ նոր, թարմ մտածողություն, հարուստ գիտելիքներ ունեցող, նախաձեռնող կառավարիչներ պատրաստելուն: Հասարակության յուրաքանչյուր անդամ Հայաստանի Հանրապետությունում իրեն պետք է զգա պաշտպանված և հարգված, որը մեծապես պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակով: Բոլորիս նպատակն է ունենալ հանրային որակյալ ծառայություն, սակայն դա հնարավոր չէ իրականացնել, եթե չունենանք որակյալ հանրային ծառայող: Այսօր հանրային ծառայության համակարգում մեծ թիվ են կազմում կառավարման ակադեմիայի շրջանավարտները, ովքեր իրենց արդյունավետ գործունեությամբ ապացուցել են այս կրթօջախի գոյության անհրաժեշտությունը: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում արգասաբեր գործունեություն:

Նմանատիպ նյութեր