211652_close_icon
views-count8308 դիտում article-date 11:40 13-10-2017

Երևանը մեր հայրենիքի սիրտն է. զորավար Մանվել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ մայրաքաղաքի հիմնադրման 2799-ամյակի առթիվ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երեւանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ։ Նրանում ասվում է. «Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2799-րդ տարեդարձի առթիվ: Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է: Երեւանցի լինելը մեծ հպարտություն է: Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ Երեւան մայրաքաղաքը եղել եւ մնում է հայոց հրաշագեղ քաղաքների զարդն ու հայոց պետականության հիմնաքարը, որով հպարտացել է համայն հայությունը: Այս հպարտությամբ հայ ժողովուրդը դարեր շարունակ կառուցել է Երեւանը, որը դարձել է գիտության, մշակութի ու կրթության կենտրոն՝ դեպի իրեն ձգելով աշխարհասփյուռ հայությանը: Այսօր Երեւանն աշխարհի գրավիչ քաղաքներից մեկն է, որով հպարտանում է յուրաքանչյուր հայ: Ամեն մի հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, պարտավոր է օրվա մեջ թեկուզ մեկ րոպե մտածել հարազատ մայրաքաղաքի մասին, օգտակար լինել նրան, հպարտանալ նրանով: Այս հպարտությամբ Երեւանի կամավորական ջոկատները, 5-րդ բրիգադի Երեւանի գումարտակների մարտիկները մարտնչել են Արցախյան ազատամարտում, ՀՀ սահմանամերձ շրջաններում: Յուրաքանչյուր ազատամարտիկ, յուրաքանչյուր երկրապահ` երեւանցի, թե գյումրեցի, լոռեցի, թե էջմիածնեցի, մարտադաշտում կռվել է այն գիտակցությամբ, որ Երեւանն է պաշտպանում: Ես միշտ ասել եմ` տավուշցին էլ, սյունեցին էլ, արցախցին էլ, պաշտպանելով իր գյուղը, մայրաքաղաք Երեւանն է պաշտպանում: Երեւանցի քաջերն ակտիվ մասնակցություն ունեցան նաեւ 2016-ի ապրիլյան պատերազմում: Սիրելի՛ Տարոն, Ձեր հայրը, ՀՀ վարչապետ, ԵԿՄ վարչության անդամ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն, իր կյանքն անմնացորդ նվիրեց ՀՀ անկախությանն ու հզորացմանը՝ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելով երկրապահ ընտանիքներին: Այսօր էլ դուք ջանք ու եռանդ չեք խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները կարգավորելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով՝ միաժամանակ Ձեր ուշադրության կենտրոնում պահելով երկրապահի խնդիրները: Երկրապահներս հպարտության զգացում ունենք, որ Երեւանի քաղաքապետը ԵԿՄ վարչության անդամ է: Այս զգացումն ավելի ու ավելի է պարտավորեցնում մեզ: Երկրապահներս անում ենք հնարավորը, որ Երեւանը դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը եւ դեպի իրեն ձգի աշխարհասփյուռ հայությանը: Թող տոնական զգացողությունը պարուրի բոլորին, հատկապես Երեւանի համար հերոսաբար զոհված հայորդիների հարազատներին, հերոս մայրերին: Երեւանի տոնի առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, հայացքը դեպի Երեւանն ուղղած աշխարհասփյուռ հայությանը, երեւանցիներին, մայրաքաղաք Երեւանի բոլոր բարեկամներին եւ Ձեզ` հարգարժան քաղաքապետ, մաղթում խաղաղություն ու ընտանեկան երջանկություն»:

Նմանատիպ նյութեր