211652_close_icon
views-count2632 դիտում article-date 22:19 09-06-2014

7 կգ 800 գրամ. հայկական մշակութային ժառանգության անձնագիրը. տեսանյութը

Ինչպե՞ս Զանգակատուն գյուղից 1980-ականներին անհետացավ առաջին թվագիր խաչքարը: Երկար որոնումներից հետո Սամվել Հակոբյանը այն գտել է անցած տարի` Խոսրովի արգելոցի վարչական շենքի նկուղային հարկում և նորից տեղադրել Զանգակատանը: Գտնված խաչքարն ու Հայաստանի, Արցախի և Արևմտյան Հայաստանի 1003 բնակավայրերը, կանգուն ու անհետացած բոլոր հուշարձանները Սամվել Հակոբյանը ամփոփել է մեկ գրքում: Հայաստանի մարզեր պատմական հանրագիտարանը կշռում է 7 կգ 800 գրամ: 1050 էջանոց գիրքը նորանկախ Հայաստանի ամենամեծ ու ամենածավալուն աշխատությունն է: Այն լույս է տեսել 30 տարվա ուսումնասիրություններից հետո, գյուղերն ու հուշարձանները ներկայացված են հայերեն, ռուսերեն, անգլերեն: Գիրքն արդեն պահանջարկ ունի ավելի քան 50 երկրներում: Հանրագիտարանում տեղ են գտել նաև Վրաստանում, Իրանում և Ադրբեջանում անհետացած հուշարձանները, որոնք տեղ են գտել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում: Ավելի քան 100 հայկական բնակավայր ու 500-ից ավելի հուշարձաններ Սամվել Հակոբյանը բացահայտել է ուսումնասիրությունների ընթացքում: Հանրագիտարանում դրանք ներկայացրել է բնիկ անուններով, որոնցով բնակավայրերը կոչվել են ժամանակին: Արևմտյան Հայաստանի, Արցախի ու Ջավախքի մասին տեղեկությունները ամբողջական ու պատկերավոր դարձնելու համար Սամվել Հակոբյանը 5 անգամ եղել է Արևմտյան Հայաստանում, 6 անգամ Ջավախքում, 10 անգամ էլ Արցախում: Հանրագիտարանի գաղափարը ծագել է, երբ պարզվել է, որ բնակլիմայական պայմաններն ու մարդկային գործոնը դարձել են շատ հուշարձանների կործանման պատճառ: Սամվել Հակոբյանը վստահեցնում է, որ պահպանելով բնակավայրերի մասին ինֆորմացիան, հնարավոր է ապացուցել, որ հայերը ժամանակին ապրել են հենց այդ տարածքներում: Հուշարձանագետը պնդում է` հանրագիտարանը դառնալու է Հայաստանի անձնագիրը: Հանրագիտարանը նախատեսված է դպրոցների ու տարբեր կրթական հաստատությունների համար: Այն լույս է տեսել առայժմ 1000 օրինակ տպաքանակով: Վաճառքի գինը 40 000 դրամ է: Հեղինակը մտադիր է պատմական հանրագիտարանը դարձնել եռահատոր: Մինչև տարեվերջ լույս կտեսնի Արցախի մասին պատմող երկրորդ մասը, իսկ 2015-ին պատրաստ կլինի նաև երրորդ մասը` ամբողջությամբ նվիրված Արևմտյան Հայաստանին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/29312]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր