211652_close_icon
views-count770 դիտում article-date 15:41 18-06-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին

Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը: Ողջունելով դոկտոր Մարտին Փեցոլդի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ու ջերմ հարաբերությունները և երկրների համագործակցությունը: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայոց Եկեղեցու պատմական դերակատարությանը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում` ընդգծելով, որ ժողովուրդը սերտորեն կապված է Եկեղեցու հետ` գիտակից ազգապահպանության գործում նրա կարևոր առաքելությանը: Խոսելով պատմության ընթացքին Հայ Եկեղեցուն բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների մասին` Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրեց Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Եկեղեցու կրած ծանր կորուստները: Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ 2015 թվականին, երբ հայ ժողովուրդը նշելու է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, միջազգային հանրությունը կզորակցի հայ ժողովրդին` ճանաչելով և դատապարտելով մարդկության կյանքում գործված այդ ոճիրը` հանուն նմանատիպ ողբերգությունների կանխարգելման: Հանդիպման ընթացքում խոսվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու գործուն ներգրավվածության, տարբեր կրոնական հոսանքների ու կազմակերպությունների գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հայեցակարգային եկեղեցական հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր