211652_close_icon
views-count2271 դիտում article-date 12:56 19-06-2014

Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետբյուջեից համայնքների բյուջեներին տրամադրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալները կանոնակարգող օրենսդրական դաշտում կատարված փոփոխությամբ: Գործադիրը քննարկել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը: Նախաձեռնության նպատակն է կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականության, դրա միասնական չափանիշների ապահովումը: Կառավարությունը սկզբունքորեն ընդունելի է համարել նախագծերի փաթեթը, միաժամանակ նշել մասնագիտական լրացուցիչ քննարկման անհրաժեշտությունը՝ խնդրին համապարփակ և արդյունավետ լուծում տալու համար: Նիստում քննության է առնվել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առավել չափելի դարձնել կրթության որակի վերահսկողությունը: Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել օրինագիծը՝ անելով մի շարք առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ամբողջովին ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նույնպիսի պայման է առաջադրվել ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություն և լրացում է առաջարկվում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում: Կառավարությունը դեմ է արտահայտվել «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի նախագծին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ: Գործադրի պատճառաբանությամբ «Կրթության մասին» օրենքում «արտադպրոցական կրթություն» հասկացություն կամ դրույթ չկա, ուստի այդ հարցը նպատակահարմար է քննարկել լրացուցիչ կրթության համատեքստում: Բացասական եզրակացություն է ստացել նաև «Մեծահասակների կրթության մասին» օրենքի նախագիծը, որով առանձնացվող մեծահասակների կրթության պետական քաղաքականության սկզբունքները կարող են խտրականության տեղիք տալ:

Նմանատիպ նյութեր