211652_close_icon
views-count6172 դիտում article-date 16:24 23-06-2014

Շախմատի աշխարհի բացարձակ չեմպիոնին հաղթած ՀՀԿ-ական պատգամավորը բացում է իր հաղթանակի գաղտնիքը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հաղթել է շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 1-ին համար, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանը եւ ավելացրեց, որ աշխարհի չեմպիոնը Գաֆեսճյան կենտրոնում շախմատի սեանս է անցկացրել IT տեխնոլոգիաների ներկայացուցիչների եւ պատգամավորների հետ: Հարցին, թե, ըստ նրա՝ դա պատահականություն է եղել, թե իսկապես աշխարհի չեմպիոնից լավ է խաղում, ասաց. «Անկեղծ ասած, այստեղ Աստծո նախախնամությունը կար: Սա նաեւ «մեսիջ» էր՝ աշխարհի բացարձակ չեմպիոնին ուղղված, որ ժամանակն է շախմատային թագն ուղղելու Հայաստանի շախմատային արքային` Լեւոն Արոնյանին»: Նա նշեց, որ մանկությունից շախմատ է խաղում: Դեռ դպրոցական տարիներից շրջանային հաղթող է եղել: 1983-ի առաջնությանը պատգամավորը մասնակցել է Վրաստանի սպարտակիադային և 2-րդ տեղը գրավել: «Խաղում եմ նաեւ խորհրդարանի իմ գործընկերների` Սամվել Ֆարմանյանի, Լյովա Խաչատրյանի, Կորյուն Նահապետյանի, Արայիկ Հովհաննիսյանի հետ»,- նշեց ԱԺ պատգամավորը: Դիտարկմանը, թե այս հաղթանակը ինչ կփոխի իր կյանքում, ասաց. «Եթե համեստ գտնվեմ, սա լրջագույն ձեռքբերում է՝ թերեւս իմ կենսագրության ամենալրջագույն ձեռքբերումներից: Մինչեւ հիմա շնորհավորանքներ եմ ստանում թե ծանոթներից, թե գործընկերներից: Այսօր ԱԺ նախագահը պարգեւատրեց ինձ, իսկ հաղթանակից հետո վարչապետի հետ եմ խոսել: Նախագահի ոգեւորող շունչը եւս զգացել եմ խաղի ընթացքում, որ հասել եմ նման սխրանքի»:

Նմանատիպ նյութեր