211652_close_icon
views-count975 դիտում article-date 15:15 30-06-2014

Կանխվել է փոստային ծանրոցներով մոտ 4,5 կգ թմրամիջոցի ապօրինի արտահանման փորձը. ՊԵԿ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների օպերատիվության շնորհիվ շարունակվում են թմրանյութի ապօրինի տեղափոխման խոշոր խմբաքանակներ բացահայտվել: Վերջին տարիների վիճակագրությունը փաստում է, որ բարձրանում է մաքսային իրավախախտումների բացահայտման մակարդակը: 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արձանագրված մաքսային կանոնների խախտման 42 դեպքերից 14-ը թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման փորձերն են: Ըստ ՆՀՎ վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, հունվարին շուրջ 1 տոննա հերոինի հայտնաբերումից հետո վարչությունը թմրամիջոցի ապօրինի արտահանման հերթական խոշոր խմբաքանակն է կանխել. «Իրացնելով օպերատիվ տվյալներն` առանձնակի խոշոր չափի թմրամիջոցի ապօրինի արտահանման 2 դեպք ենք բացահայտել: Իրանի 2 քաղաքացի փոստային ծանրոցներով փորձ են արել շուրջ 4.5կգ «ափիոն» տեսակի թմրամիջոց արտահանել Կանադա, ինչը, սակայն, մեր աշխատակիցների զգոնության և արագ կողմնորոշման շնորհիվ հաջողվել է կանխել»: Մաքսանենգներն այս անգամ փոստային առաքանիների միջոցով են փորձել իբր իրանական արտադրության ապրանք առաքել Կանադա, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցները չեն վրիպել վարչության աշխատակիցների ուշադրությունից: Մաքսային պահեստում զննման ենթարկելով փոստային ծանրոցը` ՆՀՎ աշխատակիցները մետաղյա պտուտակի հորիզոնական հատմամբ հայտնաբերել էին 2 կիլոգրամ 200 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող յուրահատուկ սուր հոտով մուգ շագանակագույն զանգված: Մյուս դեպքով էլ էլեկտրական արդուկն էր թմրանյութի թաքստոց դարձել. արդուկ-պրեսի փայտանման հարթակից ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել էին պոլիէթիլենով և փայլաթիթեղով փաթեթավորված ավելի քան 2կգ ընդհանուր քաշով՝ նույնպես ափիոնանման զանգված: Վարչության պետի խոսքերով` փորձը ցույց է տալիս, որ օրինախախտներն ամեն անգամ տարբեր հնարքներով և մեթոդներով են փորձում շրջանցել մաքսային հսկողությունը. «Մենք ևս անընդհատ կատարելագործում ենք հսկողական մեխանիզմները. պարբերաբար դիտարկում, վերլուծում ենք մաքսանենգության հնարավոր ուղիները և մեթոդները, որպեսզի համարժեք քայլերով կանխենք իրավախախտման փորձերը»: Վահրամ Գուրողլյանը վստահեցնում է՝ սահմանային բոլոր անցակետերում խիստ հսկողություն է իրականացվում. անգամ աննշան կասկած հարուցող դեպքը հետևողական զննության է ենթարկվում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցների կողմից. «Փոստային առաքումների ուղին ևս գտնվում է մաքսային ուժեղացված հսկողության ներքո»,-հիշեցնում է ՆՀՎ պետը: Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր