211652_close_icon
views-count1065 դիտում article-date 16:53 01-07-2014

Լիբանանահայ գրող Արա Արծրունին հայոց լեզվի և մշակույթի պահպանության մեջ ներդրած ավանդի համար պարգևատրվեց «Վիլյամ Սարոյան» մեդալով

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լիբանանահայ գրող Արա Արծրունուն պարգևատրեց «Վիլյամ Սարոյան» մեդալով: Լիբանանահայ թատերագիր, արձակագիր և հրապարակագիր Արա Արծրունին ծնվել է 1932 թվականին Բեյրութում։ Հեղինակ է ազգային և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների։ Աշխատակցել է լիբանանահայ մամուլին («Բագին», «Կամար», «Սփյուռք», «Արծիվ» և «Ազդակ»)։ Հեղինակել է մի շարք թատերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է, իսկ մյուսը՝ հրատարակվել: Մինչ այժմ հրատարակվել են հեղինակի 9 թատերգությունները (արևմտահայերեն և արևելահայերեն): Հեղինակ է նաև մի շարք վեպերի և վիպակների՝ «Ծովինար», «Սպիներ», «Հերցոֆ» «Վիրավոր ծիծեռնակը», «Եղեռնի հետքերով»: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի նախաձեռնությամբ Լևոն Մութաֆյանը 2010 թվականին հեղինակել է «Արա Արծրունու թատերգությունը» մենագրությունը (247 էջից) : Բարձր գնահատելով Արա Արծրունու հրապարախոսական, գրական գործունեությունը հայապահպանության, հայոց լեզվի և մշակույթի պահպանության և զարգացման հարցերում՝ նախարարը մասնավորապես նշեց. «Ինձ համար ամենակարևորն այն է, որ Արա Արծրունին ստեղծագործում է հայերեն, քանի որ հայապահպանության գլխավոր նախապայմանը հայերեն խոսելն ու ստեղծագործելն է՝ հատկապես համաշխարհայնացման դարում»: Անդրադառնալով Արա Արծրունու գրական ժառանգությանը՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ թատերգության ժանրը գրական համեմատաբար դժվար տեսակ է, և Արա Արծրունին ժամանակակից լիբանանահայ դրամատուրգիայի կենդանի դասականն է: Մասնավորապես մեծարժեք են նրա «Մժեղը», «Լռության սինֆոնիա», Զանգը» դրամաները: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Արա Արծրունին նշեց. «Սփյուռքի նախարաարությունն իսկապես կապ դարձավ Հայրենքի և Սփյուռքի միջև: Սփյուռքը, որ իսկապես կարիք ուներ Հայաստանի հետ տարածական և ամբողջական կապի՝ Սփյուռքի նախարարությունը դարձավ այն ամուր աջակիցը, որ Սփյուռքը վայելում է իր բոլոր թևերով»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր