211652_close_icon
views-count1396 դիտում article-date 23:49 02-07-2014

Հայագիտության մեջ մեծ վաստակի համար 3 եպիսկոպոսներ ստացան դոկտորի կոչում

Հայոց գիրը, գրականությունը և բոլոր գիտական ոլորտները IV դարից սկսած սերտ կապված են եղել Հայ Առաքելական եկեղեցու հետ, ինչի վառ վկայություններն էին Գլաձորի, Տաթևի համալսարանները, Անիի դպրոցը և այլ նմանատիպ հաստատությունները: Այս ամենը կար և զարգանում էր մինչևիսկ հայկական երկրորդ հանրապետության ստեղծման ժամանակ, որից հետո` խորհրդային տարիներին այդ կապը խզվեց: Հայաստանի ներկայիս Հանրապետության ստեղծումից հետո գիտական աշխարհում մասնագետների արտահոսք եղավ, սակայն վերականգնվեց Եկեղեցի-գիտական աշխարհ կապը և բարձրաստիճան հոգևորականներին առիթ ընձեռվեց ազգանպաստ և եկեղեցանպաստ լայն գործունեություն ծավալել նաև գիտական աշխարհում: Այսօր Հայաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի կողմից առավել աչքի ընկած բարձրաստիճան հոգևորականներից 3-ին շնորհվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում: Հուլիսի 2-ին ԳԱԱ-ում հյուրընկալվեցին մի խումբ հոգևորականներ: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում հայագիտության ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի աստիճան ստացան Մայր Աթոռի Դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում կարևորեց Հայ Եկեղեցու դերը Հայոց գիտական աշխարհում, որի կարիքը կա նաև այսօր: «Մենք այսօր պատվավոր դոկտորի կոչում ենք շնորհում առաջատար մտավորական հոգևորականներին», - ընդգծեց ԳԱԱ նախագահն իր խոսքում` հատկանշական համարելով այն, որ ակադեմիայի անդամներն ընտրել են այն հոգևորականներին, ովքեր բազմաթիվ գրքեր են գրել և հրատարակել, հայ ազգն ու եկեղեցին են ներկայացրել բազմաթիվ միջազգային գիտաժողովներում և այլ մեծ ծառայություններ են մատուցել, ի նպաստ հայ ժողովրդի և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու: ԳԱԱ-ն սույնով գնահատական էր, որ տվեց հոգևորականների գործունեությանը, որը վաղուց սկսված և շարունակական գործընթաց է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր