211652_close_icon
views-count24972 դիտում article-date 11:39 10-07-2014

Երևանում 32-ամյա վարորդը՝ «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ով «կասկադյորական» ավտովթարի հեղինակ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երիտասարդական 1/3 շենքի բնակիչ, 32-ամյա Արտակ Խուրշուդյանը, վարելով Toyota Land Cruiser մակնիշի 001 ՍՍ 03 համարանիշի ավտոմեքենան, Թբիլիսյան խճուղում՝ «Լամպերի գործարանի» խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ ջարդելով երկաթյա ցանկապատը և կիսով չափ հայտնվելով պարսպի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խուրշուդյանն ու նրա ուղևոր՝ Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ փողոցի 8-րդ շենքի բնակիչ, 40-ամյա Սերգեյ Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են Ճապապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ժամանել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը, սակայն նրանց միջամտության կարիքը չի եղել: Վարորդին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած Շտապ օգնության բրիգադը վիրավորներից մեկին տեղափոխել է հւվանդանոց, իսկ մյուսին, ում գլխից արյուն էր հոսում և ուներ այլ վնասվածքներ, 30 րոպե բժիշկները համոզում էին, որպեսզի թույլ տա նախ բժշկական օգնություն ցուցաբերեն, հետո տեղափոխեն հիվանդանոց: Բարեբախտաբար 30 րոպե անց նա համաձայնվեց տեղափովել հիվանդանոց: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վթարի պատճառը եղել է «Երևան Ջուր» ընկերության կողմից 4 օր առաջ փորած հսկայական փոսը և մատնացույց էին անում փոսը՝ ասելով, որ նախազգուշացնող նշաններ չկան, սակայն ակնհայտ երևում էր, որ նշված ընկերությունը ցուցանակները փակցրել է, տարածքը ժապավենով փակված է եղել և միակ թերությունը, որը թույլ է տրվել նրա կողմից, հավանաբար լույսերի բացակայությունն է եղել: Կարճ ժամանակում ժամանել են «Երքաղլույս» ընկերության աշխատակիցները, ովքեր վերամբարձ կռունկի միջոցով վտանգ ներկայացնող էլեկտրասյան վրայից հեռացրին կոտրված մասերը և հոսանքը ժամանակավորապես դադարեցրին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի պահին ավտոմեքենայի վրա փակցված է եղել 32 ԼՕ 860 համարանիշը, իսկ դեպքի վայր ժամանած մի քանի երիտասարդներ այն տարել են: Ոստիկանությունը պարզում է համարանիշների առեղծվածը: Նախնական տվյալներով՝ մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 12 000 000 դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 490.000 դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր