25868 դիտում
00:43 12-07-2014
Խոշոր ավտովթար և վրաերթ Կոտայքի մարզում. կան զոհեր և վիրավորներ. դեպքի վայր է ժամանել ՀՀ ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են 4 ավտոմեքենա ինչի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ մի քանի հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների 3 ավտոմեքենա բախվել են իրար և մինչ քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդն ըստ ականատեսների պատմածի՝ վրաերթի է ենթարկել 2 հոգու և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների աշխատակիցները, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատի աշխատակիցները, Աբովյանի շտապօգնության մի քանի բրիգադներ, ովքեր վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանը, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանը: Վթարի վայր է ժամանել նաև նույն գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը քանի որ ըստ տեղեկությունների մահացածներից մեկը ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայող է: Բավականին լարված և ուժեղացված ռեժիմով են արդեն 2 ժամից ավելի աշխատում ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա հերթապահները, ովքեր անընդհատ դեպքի վայրեն ուղարկում շտապօգնության բրիգադներին, վերջիններս էլ գործում են շատ օպերատիվ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի