Արաբկիրցի ծնողներն այցելել են Հանքավանում հանգստացող իրենց երեխաներին. ֆոտոշարք
Հանքավանի «Արագած» ճամբարում «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի 2-րդ հերթափոխով հանգստանում են Երևանի տարբեր վարչական շրջաներից, ինչպես նաև մարզերից ժամանած տասնյակ դպրոցականներ: 20 օր շարունակ երեխաներն ապրում են բացառապես ճամբարային առօրյայով, որը հագեցած է մարզամշակութային միջոցառումներով:
Երեխաներին տեսակցելու, նաև հանգստի կազմակերպման համար ստեղծված պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանն անձամբ է այցելել ճամբար:
Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ ճամբար են այցելել նաև երեխաների ծնողներն ու հնարավորություն ունեցել օրվա մի մասն անցկացնելու նրանց հետ:
Շնորհակալություն հայտնելով այցը կազմակերպելու համար՝ ծնողները հատկանշել են ամառային այս տապ օրերին դպրոցականների, հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ժամանցի կազմակերպման կարևորությունը:
Հյուրերի և ծնողների այցի կապակցությամբ «Երևանի օր» խորագրով միջոցառման ժամանակ ճամբարականները ներկայացրել են մայրաքաղաքի հիմնադրման պատմությունն ու հանդես եկել ազգային պարերի շարանով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ճամբարականներին՝ Հրայր Անտոնյանն ընդգծել է ամառային մարզային ճամբարների կարևոր դերը ինչպես երեխաների հանգստի կազմակերպման, այնպես էլ ռազմահայրենասիրական դաստիրակության տեսանկյունից:
Երեխաներն իրենց հերթին նշել են, որ ճամբարում անցկացրած օրերն իսկապես հետաքրքիր են անցնում ու, որ ամենակարևորն է, ձեռք են բերում տարբեր մարզերից ընկերներ:
Միջոցառման ավարտին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից նվերներ են ստացել բոլոր ճամբարականները: