2074 դիտում
19:03 01-08-2014
Տարոն Մարգարյան. «Բազմաբնակարան շենքերի ընթացիկ խնդիրների կարգավորումը լինելու է քաղաքապետարանի մշտական հսկողության ներքո»
Ավան վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում, լրագրողների խնդրանքով, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացված «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» փորձնական ծրագրին, ըստ որի, Ավանի Դ․Վարուժան փողոցի թիվ 6 շենքում, էներգախնայողության բարձրացման միջոցառումներով կատարվել է շենքի նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, շենքի արտաքին պատերի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ ջերմափոխանցման դիմադրության մեծացում, հարկաբաժինների աստիճանհարթակներում դռների և պատուհանների փոխարինում և տանիքի ջրամեկուսացում։
«Վերջին տարիներին բավականին արդյունավետ համագործակցում ենք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայստանյան գրասենյակի հետ և այդ համատեքստում է նաև այս ծրագիրը, որը նպաստելու է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանը: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է արվել, թերևս, մեր բնակիչների լեզվով ասած տարբերակը մեջբերեմ, ասում են. «Մեր շենքին մուշտակ են հագցրել»: Կարծում եմ, շատ տիպիկ բնորոշում է, հաշվի առնելով, որ շենքի արտաքին պատերը նախ պատել են ջերմամեկուսիչ նյութերով, որից հետո արդեն սվաղել և ներկել են: Բացի այդ, դեպի բնակարաններ տանող աստիճանահարթակների հատվածում, որոնք, ըստ էության, հանդիսանում են բնակարանների արտաքին պատերը, նաև լրացուցիչ պատեր են շարվել և դռներ դրվել, որոնք, իրոք, նպաստել են ջերմամեկուսացմանն ու, այդպիսով, նաև էներգախնայողությանը: Ինչ վերաբերում է շենքի ընտրությանը, ապա նշեմ, որ դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այստեղ գործում է կենտրոնացված ջեռուցման համակարգ, ինչն իր հերթին թույլ էր տալիս առավել հիմնավորված պատկերացում ունենալ, թե որքանով արդյունավետ կարող է լինել տվյալ մոտեցումը: Մասնագետների հավաստմամբ՝ սա առաջին դեպքն է, որ արդեն առկա շենքում է իրականացվում էներգախնայողության մոտեցումը և այս շենքն էլ, այդ տեսանյունից, Հայաստանում առաջինն ու դեռևս միակն է», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՄԱԶԾ կողմից իրականացված դիտարկմամբ՝ Էներգա¬արդյունավետության բարձրացման աշխատանքներից հետո շենքում ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։
«Սա իսկապես լուրջ ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով, որ այն նաև սոցիալական կարևոր նշանակություն կարող է ունենալ մեր բնակիչների համար։ Ծրագիրը, իրոք, արժանացել է բնակիչների հավանությանը և ինքներդ էլ կարող եք նրանցից հետաքրքվել և համոզվել դրանում: Կարծում եմ, որ նմանատիպ ծրագրերը պետք է լինեն շարունակական և հույս ունեմ, որ այդպես էլ կլինի», - նշել է Տարոն Մարգարյանը:
Օգտվելով առիթից՝ լրագրողները հետաքրքրվել են նաև մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
«Մայրաքաղաքում այսօր ունենք շուրջ 5000 բազմաբնակարան շենք, որոնց մեծ մասը, ինչպես գիտեք, կառուցված է եղել դեռևս խորհրդային տարիներին և բնական է, որ այդ մասով որոշակի խնդիրներ կան ծառացած, որոնց փորձում ենք հետզհետե լուծումներ տալ: Բայց նախ ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքները, այսինքն՝ մուտքերը, տանիքները, վերելակները, նկուղները և, ընդհանրապես, այն ամենը, ինչը շենքի հետ է կապված, հանդիսանում է շենքի բնակիչների բաժնային սեփականությունը, որը նաև ենթադրում է, որ դրանց նորոգման և առաջացող խնդիրների կարգավորման հետ կապված հարցերը, ըստ էության, հենց բնակիչների պարտականությունն է: Սակայն, հաշվի առնելով մեր բնակիչների սոցիալական պայմանները, մենք այս հոգսը որոշակիորեն վերցրել ենք մեր ուսերին և փորձում ենք հետզհետե լուծել դրանք: Մասնավորապես, 2014 թվականի համայնքային բյուջեով մենք շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ գումար ենք նախատեսել բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի, վթարային պատշգամբների, վերելակների և շենքերի ճակատները նորոգելու համար», - ընգծել է Տարոն Մարգարյանը:
Մասնավորապես, այս տարվա աշխատանքների հետ կապված քաղաքապետը ներկայացրել է շենքերի շքամուտքերի և տանիքների վերանորոգման ծրագրով նախատեսված ծավալները՝ նշելով, որ կնորոգվի ավելի քան 700 շենքերի մուտքեր, ընդ որում խնդիր է դրվել, որ այդ աշխատանքները հիմնականում իրականացվեն ոչ միայն շենքերի առաջին, այլ բոլոր հարկերում: Իսկ տանիքների վերանորոգման ծրագրով էլ հարթ և թեք տանիքների նորոգման աշխատանքներ կիրականացվեն ավելի քան 1000 շենքերում:
Վերելակային տնտեսությանն արդիականացման ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից ձեռնարկվող քայլերի մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ շենքերի պահպանման ծրագրերով աշխատանքներ են տարվում նաև վերելակների վերանորոգման և բնակիչների անվտանգության ապաահովման ուղղությամբ՝ միաժամանակ հատկանշելով, որ դրանք, ինչպես շենքերի պահպանմանն առնչվող այլ աշխատանքներ, որպես բաժնային սեփականություն, պետք է իրականացվեին համատիրությունների և բնակիչների կողմից:
«Երևանում վերելակային տնտեսությունն այսօր քայքայված վիճակում է, և մենք այս ուղղությամբ շատ անելիքներ ունենք: Համատիրությունների ուժերով, իհարկե, աշխատանքներ պարբերաբար տարվում են, սակայն դրանք բավարար չեն: Այժմ մասնագիտական կազմակերպությունների հետ բանակցություններ են տարվում և, կարծում եմ, առաջիկա տարիներին մենք կկարողանանք վարչական շրջանների, համատիրությունների և հենց բնակիչների հետ համատեղ ուժերով կոնկրետ քայլեր ձեռնարկել ու կարգավորել հարցը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով վթարավտանգ շքապատշգամբների խնդրին՝ քաղաքապետն ընդգծել է, որ նախորդ տարի մեկնարկած այս ծրագրով 2014-ին ավելի քան 200 այդպիսի պատշգամբ կվերանորոգվի: Տարոն Մարգարյանն այս դեպքում ևս ընդգծել է, որ դրանք, ըստ էության, տվյալ բնակարանի բնակչի սեփականությունն են և հենց իրենք են պարտավոր նորոգել, սակայն այս հարցում ևս հաշվի առնելով ինչպես բնակիչների սոցիալական պայմանները, այնպես էլ անվտանգության ապահովման կարևորությունը, աշխատանքները ներառվել են համայնքային ծրագրերում:
«Մենք շարունակելու ենք բազմաբնակարան շենքերի ընթացիկ խնդիրների կարգավորմանն ուղղված մեր որդեգրած քաղաքականությունն ու, համոզված եմ, որ մի քանի տարի անց այդ խնդիրն այլևս այսպիսի սրությամբ չի լինի», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
4643 դիտում
21:43 30-05-2016
Հանրությանն իրազեկեք բազմաբնակարան շենքերի ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»